Թուրքիայում շարունակվում են աննախադեպ չափերի անտառային հրդեհների մարման աշխատանքները: Անկարան ութերորդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ:
Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռեւս 5 նահանգներում՝ Մուղլայում, Անթալիայում, Իսփարթայում, Դենիզլիում եւ Այդընում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։
Անօդաչուներից ստացված տեսանկարահանումները ցույց են տվել, որ անտառային հրդեհները հասել են Միջերկրականի ափ, Մարմարիս: Ի դեպ, Մարմարիսը գտնվում է Միջերկրական եւ Էգեյան ծովերի սահմանաբաժանին։
16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 51 հրշեջ ուղղաթիռ
Հրշեջները եւ փրկարար ծառայությունները փորձում են օդանավերով եւ ուղղաթիռներով հասցրած ջրով մարել կրակը: Չմարված հրդեհների օջախներում աշխատում են 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 51 հրշեջ ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա, բազմաթիվ ջրկիր մեքենաներ, տանկերներ, տրակտորներ եւ այլն, ինչպես նաեւ՝ 5250 հոգանոց անձնակազմ։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 8 մարդ, մոտ 850 բնակիչ բուժօգնություն է ստացել, մեծ թվով մարդիկ զրկվել են տներից:
Խոստացված աջակցության վերանայում
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «Ենի Շաֆաք» պարբերականին ասել է, թե Ֆրանսիան եւ Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են որոշումը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե իբր Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից: Ընդ որում՝ Թուրքիայի ԶԼՄ-ն պնդում էր, թե Հունաստանն է քրդերին պատվիրել հրդեհել Թուրքիան։
Չավուշօղլուն նշել է, թե Հունաստանի կառավարությունը, վկայակոչելով իրենց մոտ բռնկված հրդեհները, հրաժարվել է ինքնաթիռներ ուղարկելու մտքից։ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ վերջին երկու օրում գրանցվել է անտառային ավելի քան 100 հրդեհ, որոնցից ամենախոշորը՝ Հռոդոսում։ Հրդեհվել են նաեւ Աքայա շրջանի եւ Պատրայի անտառածածկ տարածքները:
Ուժգին քամին եւ Թիթեռների հովիտը
Ըստ CNN-ի հունական ծառայության՝ հունական Հռոդոս կղզում կիրակի բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով կղզին մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության եւ ջրի։ Կանխարգելիչ նպատակներով մի քանի գյուղերի բնակիչներին տարհանել են։
Բռնկումը տեղի է ունեցել Պանտանասա շրջանի մերձակա անտառային զանգվածում եւ արագորեն տարածվել՝ ուժգին քամու պատճառով մշտապես փոխելով ուղղությունը։ Հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի կղզու համանուն մայրաքաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք՝ Եվրոպայում հազվագյուտ արգելոց Թիթեռների հովիտ։
Միջերկրական ծովի մարգարիտ Հռոդոսում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Հելիոս արքայի նշանավոր հսկայական կոթողը։ Պատմամշակութային այդ հուշարձանը եւ Հռոդոսի հին՝ միջնադարյան քաղաքամասն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Հունաստանում շոգ եղանակի պատճառով հրդեհի վտանգը բարձրացվել է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի։ Շատ շրջաններում ջերմաստիճանը հասել է 44-47°C-ի։ Առաջիկա օրերին շոգը կսաստկանա։
Իտալիան եւ Իսպանիան հրդեհի շղթայում
Հուլիսի վերջից անտառային հրդեհներ են Միջերկրածովյան երկրներում, Հունաստանից բացի՝ նաեւ Իտալիայում եւ Իսպանիայում։
Իտալական Սարդինիա կղզում հրդեհի հետեւանքով վնասվել է 20 հազար հա տարածք՝ անտառներ, ձիթենու այգիներ, մշակովի տարածքներ: Տարածաշրջանից տարհանվել է ավելի քան 1500 մարդ: Եվրամիությունը, արձագանքելով Իտալիայի օգնության կոչին, հրդեհաշիջման չորս ինքնաթիռ է ուղարկել: Մարման աշխատանքներին մասնակցել է 7500 մարդ, որոնց թվում՝ կամավորներ, ինչպես նաեւ մոտ քսան ինքնաթիռ:
Իսպանիայի Ջիրոնա քաղաքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է ավելի քան 1600 հա տարածք:
Նաեւ Ադրբեջանի հարավում
Ադրբեջանում եւս անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարեւելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառտնտեսության տարածքում։
Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարարությունից հայտնել են, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաեւ Յարդիմլիի շրջանում բռնկված հրդեհը:
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով ուժեր, մասնավորապես 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները եւ մեկ ուղղաթիռ:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը