Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումներ են մտցվել:
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ Քովիդ-թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, մարզական, սոցիալական միջոցառումների:
Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթեւեկող քաղաքացիների համար: Մինչ այդ պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, սահմանափակումներ էին գործում թանգարաններ, կինոթատրոններ եւ մշակութային վայրեր այցելողների համար: Ֆրանսիայի կառավարությունը պատվաստումը համարում է կորոնավիրուսի դեմ պայքարի առանցքային քայլ:
Հունաստանում ուժի մեջ է մտել ծերանոցների անձնակազմների համար պատվաստումների պարտադիր պահանջը: Մինչեւ օգոստոսի 16-ը չպատվաստվածները կհեռացվեն աշխատանքից:
Ըստ հարցումների՝ հույների գրեթե երկու երրորդը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը համավարակը հաղթահարելու միակ միջոցն է, ուստի կողմ են ուսուցիչների, բուժաշխատողների, ծերանոցների անձնակազմների պարտադիր պատվաստմանը:
Իտալիայում եւս խստացնում են սահմանափակումները. օգոստոսի 6-ից երկրի հանրային փակ տարածքներում պաստվաստման անձնագիր կպահանջեն: