Ըստ «Ա1+»-ի՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետների գնահատմամբ անցած տարի մոտ 1,5 միլիոն զբոսաշրջիկ պակաս է եկել Հայաստան. եթե 2019-ին մեր երկիրն ունեցել էր 1 միլիոն 894 հազար այցելու, ապա նախորդ տարի՝ ընդամենը 375 հազար այցելու։ Ընդ որում՝ դրա գերակշիռ մասը՝ 364000-ը, բաժին է հասել առաջին եռամսյակին, երբ դեռ սահմանները չէին փակվել։
Տուրիզմի հայկական ասոցիացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ 2022-ին մենք կգերազանցենք 2019 թվականի ցուցանիշը։
Ըստ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վերլուծությունները ցույց են տալիս, որ ոլորտը կվերականգնվի 2023-ին:
Պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում անցկացնում է 5-7 օր եւ ծախսում միջինը 850 դոլար։ Այդպիսով՝ անցած տարի Հայաստանը սահմանների փակվելու պատճառով միայն ներգնա տուրիզմի ոլորտում կորցրել է մոտ 1,2 միլիարդ դոլար։
Այս տարի կարանտինային սահմանափակումների թուլացմանը զուգահեռ զբոսաշրջությունը սկսեց արթնանալ: 2021-ի առաջին կիսամյակում Հայաստան է եկել 235000 այցելու։