20-րդ դարի ֆրանսիացի հրապարակախոս, նաեւ ֆրանսիական դիմադրության մասնակից եւ կոմունիստ (այն ժամանակ եւ այդ միջավայրում կոմունիստ լինելը մոդայիկ էր) Պիեռ Կուրտադը, անդրադառնալով ԽՍՀՄ-ում ստալինյան բռնություններին եւ հետստալինյան զարգացումներին, ասում է․ «Ստալինը մնաց ոչ թե անցյալում, այլ տարրալուծվեց մեր ապագայի մեջ»:
Անցյալը չի կորչում։ Այն չի կարող իր հետքը չթողնել ներկայի եւ ապագայի վրա։ Բայց հաճախ այնպիսի անցյալ է լինում, որից հասարակությունները պարտադիր պետք է ձերբազատվեն, թույլ չտան, որ այն շարունակի ապրել ներկայում եւ ապագա տեղափոխվի։
Վատ անցյալը, եթե չի վերլուծվում, չի գնահատվում, ճիշտ չի շեշտադրվում, ֆիլտր-սահմանով չի տարանջատվում, ինչպես, օրինակ, ֆաշիզմը Գերմանիայում, ապա ներկա է սողոսկում, աղավաղում այն եւ, որ ավելի սարսափելի է, ապագա է տեղափոխվում։
1990-ականների սկզբում, երբ խորհրդային արատավոր անցյալից էինք բաժանվում, նման սահման-ֆիլտր, ցավոք, չդրվեց։ Գուցե դրա կարեւորությունը չգիտակցվեց, գուցե թուլակամություն ցուցաբերվեց, գուցե կար անցյալի ու ներկայի չհակադրման, հաշտեցման միամիտ ցանկություն։ Այսօր արդեն կարեւոր էլ չէ, թե ինչու այդպես եղավ։ Կարեւորն այն է, որ մերժված խորհրդային անցյալն իր վարք ու բարքով, աշխարհի ու մարդու մասին ունեցած իր պատկերացումներով սկսեց սողոսկել մեր նոր իրականություն, իսկ 1990-ականների երկրորդ կեսից արդեն մեր կյանքի տնօրինմանն էր մասնակցում։
Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամբողջությամբ ծանոթ խորհրդային իրականությունում էինք։ Մեր առօրյան, մեր պետական կառավարման համակարգը, ընդդիմադիրների նկատմամբ եղած վերաբերմունքը, պետության, իշխանության եւ սեփական անձի նույնացումը, իշխանական դիկտատը խորհրդային անցյալն էին կրկնում։ Վերադարձել էր 1990-1991 թվականներին մերժված իրականությունը։ Փոփոխությունների հույսն աղոտ էր դարձել։ Ձեռնարկված փորձերն անհաջողության էին մատնվում։
Բայց բոլորի՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ ընդդիմության համար անակնկալ եկավ 2018-ի ապրիլը։ Ի՞նչ պատահեց, ի՞նչ հրաշք տեղի ունեցավ, ի՞նչ ուժեր միջամտեցին, եթե, իհարկե, միջամտեցին՝ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ տեղի ունեցավ երկար սպասված հեղափոխությունը։
Երիտասարդները ոգեւորված էին՝ հասան հաջողության։ Իսկ 1988-1991 թվականներ տեսած սերունդը վստահ էր՝ սա բեկում է, որը կպոկի մեզ մեր արատավոր անցյալից, ու մենք սլացքով առաջ կգնանք։ Վատ կանխատեսում, գոնե առաջին շրջանում, չկար։ Եթե 1990-ականների առաջին տարիներին, երբ երկրաշարժ էր, երբ պատերազմ էր, երբ հսկայական կայսրության փլատակների տակից դուրս սողալու ծանրագույն խնդիրը կար՝ կարողացել էինք այդքան հաջողություն գրանցել, ապա ի՞նչը մեզ պետք է խանգարեր, որ այս անգամ էլ ավելի մեծ չլիներ մեր հաջողությունը։
Թվում էր, անցյալի փորձը հաշվի առնելով, կդրվի ներկան անցյալից բաժանող սահմանը, որը կֆիլտրի հնից նոր ցանկացած անցում։ Բայց, որքան էլ զարմանալի է, չեղավ նման բան։ Սահման ընդհանրապես չդրվեց։ Հնից տարանջատվելու փորձ անգամ չեղավ։ Անցյալի մերժումը հայտարարությունների մակարդակում էր միայն։ Նոր դեմքերով շարունակեց ապրել հինը եւ անարգել ու էլ ավելի հզոր թափով կատարելագործվել։
Բյուրոկրատիան նոր բարձունքներ է նվաճել։ Երիտասարդ իշխանավորները, որոնք, ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, արատավոր եւ մերժելի անցյալի հետ ոչ մի կապ, թվում է, չպետք է ունենային, ապրում եւ առաջնորդվում են այդ անցյալի պատկերացումներով։ Այդ անցյալի բարքերով են կազմակերպում իրենց ու մեր կյանքը։
Երկրի առջեւ ծառացած խնդիրները մի կողմ դրած՝ օրենքներ են ընդունում, որոնք հասարակությունից պետք է պաշտպանեն իրենց։ Ոստիկանության եւ մյուս ուժային կառույցների առջեւ ոչ թե պետությանը, այլ իշխանությանը եւ իշխանավորին հնազանդորեն ծառայելու խնդիր են դնում։ Իրենց աշխատավարձերն են բարձրացնում։ Անհարմարավետ մեր իրականությունում իրենց համար նորանոր հարմարավետություններ են ստեղծում։ Իրենցից առաջ եղածներից տարբերվելու փորձ անգամ չեն անում։ Որովհետեւ մերժված անցյալի ծնունդ են։ Ապրում են մերժված անցյալի չափորոշիչներով ու պատկերացումներով։ Այն անցյալի, որ դիմադրության չհանդիպելով՝ ապրում է մեր ներկայում ու, ցավոք, ապագա է նաեւ տեղափոխվելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։