Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր բացել է Լիբանանին օգնելու հարցով դոնորների համաժողովը: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն 40 երկրների առաջնորդներ, որոնց թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ուղիղ մեկ տարի առաջ Բեյրութի նավահանգստում ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պարկերի պայթյունից զոհվել էր ավելի քան 200 մարդ, հազարավորները վիրավորվել էին, 350 հազար մարդ դարձել անօթեւան, երկիրն է’լ ավելի էր ընկղմվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ։
Թեեւ Լիբանանի իշխանությունները տեղեկացվել էին հնարավոր վտանգների մասին, սակայն որեւէ քայլ չէին ձեռնարկել դժբախտությունը կանխելու համար։ Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել մինչեւ այսօր։
Մակրոնը քննադատել է Լիբանանի իշխող վերնախավին՝ նշելով, որ իրենք մտադիր չեն առանց հսկողության գումար տրամադրել Լիբանանի քաղաքական վարչակազմին, քանի որ ճգնաժամի առաջին իսկ օրից ու դեռ դրանից էլ առաջ ձախողվել է իր գործում:
Անցած տարի՝ աղետից անմիջապես հետո կազմակերպված դոնորների կոնֆերանսում հանգանակվել էր մոտ 280 միլիոն դոլար, այս տարի ակնկալվում է հավաքել մոտ 350 միլիոն դոլար։
Պապի հորդորը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Լիբանանում տեղի ունեցած պայթյունի տարելիցի կապակցությամբ դիմելով միջազգային հանրությանն ու հավատացյալներին, հորդորել է Լիբանանին օգնել ոչ միայն խոսքով, այլեւ հստակ քայլերով։
84-ամյա քահանայապետը, աջակցություն հայտնելով Լիբանանի համար 350 միլիոն դոլարի աջակցություն հանգանակելու Ֆրանսիայի նախագահի ծրագրին, ասել է, որ լիբանանցիներից շատերը կորցրել են ապրելու ցանկությունը, դոնորները այդ երկրին պետք է օգնեն վերածնվելու: