ՌԴ Չուվաշիայի Հանրապետության դատարանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Դարյա Կոմարովայի նկատմամբ սահմանել է 100 հազար ռուբլու (մոտ 137 ԱՄՆ դոլարի) տուգանք մի մեղադրանքով, որով լրագրողն անցյալ տարի արդարացվել է:
Չեբոքսարի քաղաքի դատարանը Կոմարովային մեղավոր է ճանաչել ընդդիմադիր լիդեր Ալեքսեյ Նավալնիի քաղաքական զինակից Սեմյոն Կոչկինի նախաձեռնությամբ մեկ տարի առաջ կազմակերպված արգելված հավաքին ներկա լինելու համար:
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն այդ տուգանքը լրագրողներին Ռուսաստանում պարբերաբար հալածելու գործելակերպի վկայություն է անվանել:
Նա հայտարարել է, թե Դարյա Կոմարովան ընդամենը կատարել է իր մասնագիտական առաքելությունը որպես լրագրող՝ 11 ամիս առաջ լուսաբանելով Չեբոքսարիի քաղաքային ընտրություններում թեկնածուի հանդիպումը հավանական ընտրողների հետ: «Դարյայի պես խիզախ լրագրողներին հետապնդելու միակ նպատակը ռուս ժողովրդին իր երկրում պատմող անկախ լրատվությունից եւ քաղաքական տեսակետների հետ ծանոթանալու հնարավորությունից զրկելն է»,- ընդգծել է Ջեյմի Ֆլայը:
Կոմարովային նաեւ մեղադրել են Նավալնիի ձերբակալության դեմ Չեբոքսարիում տեղի ունեցած երկու ցույցերին ներկա լինելու համար:
Անցած տարի Չեբոքսարիի Լենինի շրջանի դատարանը վճռել է, որ Կոմարովան ոչ թե մասնակցել է ցույցին, այլ ներկա է եղել որպես ցույցը լուսաբանող լրագրող:
Հետագայում ՆԳՆ-ի պահանջով գործը հասել է Չուվաշիայի Գերագույն դատարան, որը վճռել է, թե քանի որ ցույցի ընթացքում Կոմարովայի հավատարմագրման փաստաթղթում բացակայել են ժամկետը եւ համարը, ուրեմն նա դիտվում է ոչ թե որպես լրագրող, այլ ցույցի մասնակից: