Ըստ Associated Press-ի՝ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ավելի քան 110 միլիոն չափաքանակ պատվաստանյութ է նվիրել աշխարհի ավելի քան 60 երկրի: Պատվաստանյութերը հատկացվել են ԱՄՆ-ում պատվաստման տեմպերի նվազման հաշվին՝ պահուստների ավելցուկից:
Պատվաստվելու իրավունք ունեցող 12-ից բարձր տարիքի շուրջ 90 միլիոն ամերիկացիներ դեռ պատվաստանյութի ոչ մի չափաքանակ չեն ստացել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ օգոստոսի վերջին ԱՄՆ-ը կսկսի Pfizer պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին մատակարարումները: Պատվաստանյութերը պետք է բաշխվեն մինչեւ 2022-ի հունիս ցածր եկամուտ ունեցող 100 երկրների միջեւ:
Հունիսին Սպիտակ տունը հրապարակել է ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող այն երկրների ցանկը, որոնք պետք է կորոնավիրուսի դեմ 55 միլիոն չափաքանակ պատվաստանյութ ստանան՝ խոստացված 80 միլիոնի փոխարեն:
Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնի ռազմավարությունը մյուս պետություններում կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն է՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին նվիրել է ավելի շատ պատվաստանյութ, քան ամբողջ աշխարհը:
Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման եւ դրա հետ կապված մահվան դեպքերի թվի աճ՝ հարուցելով ամերիկյան իշխանությունների տագնապը: Հոսպիտալացումների թիվն ավելացել է 41%-ով, իսկ մահերի թիվն ավելացել է՝ հասնելով օրական 300-ի (25%):