Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում՝ ե՛ւ սպիտակներով, ե՛ւ սեւերով խաղալու դեպքում խաղի շանսերը հավասարեցնելու համար:
Մտահղացման համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում բացատրել է առաջարկի էությունը. սպիտակների առաջին քայլից հետո սեւերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետեւ երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում:
Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (սեւերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում եւ այդպես շարունակ):
Գաղափարի մյուս համահեղինակի՝ Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով նման կերպ չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որն ընձեռվում է սպիտակներին: Իսմայիլը եւ Բրամսը համարում են, որ շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։
Նրանք ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը եւ պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:
Մեհմեթ Իսմայիլն ու Ռիչարդ Բրամսը նշել են, որ շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեեւ հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սեւերով նույն քանակի պարտիաներ են խաղում):