Հաշված օրեր են մնացել այս տարվա ամենասպասված մարզական իրադարձություններից մեկի՝ Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի ավարտին։ Եվս երեք օր, եւ պարզ կդառնա «ամենաների» վերջնական ցուցակը։ Ուստի եկե՛ք հետադարձ հայացք գցենք եւ վերհիշենք օլիմպիական խաղերի պատմության մեծ եւ ակնառու ներկայացուցիչներին։
Հաշվի առնելով օլիմպիական մարզաձեւերի երկարատեւ պատմությունը՝ լեգենդար օլիմպիական մարզիկների ցուցակն այնքան երկար է, որ բոլորին թվարկել գրեթե անհնար կլինի։ Այնուամենայնիվ, կան այնպիսիք, որոնց ձեռքբերումներն ու նվաճումները վեր էին մարդկային կարողությունների սահմաններից։ Հարյուրավոր մարզիկներից մի քանիսին առանձնացնելը բավական բարդ է, բացի այդ՝ սուբյեկտիվ, քանի որ համեմատում ենք տարբեր մարզաձեւերի, դիսցիպլինաների, նույնիսկ տարբեր դարաշրջանների մարզիկների։ Այնուամենայնիվ, մեր ընտրած մարզիկների նվաճումներն ու պատմության մեջ թողած հետքը անջնջելի են։
Ամենատիտղոսակիրը
Ոչինչ օլիմպիական մարզիկի մասին ավելի լավ չի պատմի, քան նրա մեդալների քանակը։
Վիճակագրությունն ամեն ինչ ասում է Մայքլ Ֆելպսի մասին․ 28 մեդալ, որոնցից 23-ը՝ ոսկե։ Ահա այսքան մեդալ է վաստակել ամերիկացի լեգենդար լողորդը։ Նա փաստացի չորս մրցաշարերում ավելի շատ տիտղոս է նվաճել, քան աշխարհի երկրների մեծ մասը 120 տարվա եւ 28 ամառային օլիմպիական խաղերի ընթացքում*:
Եթե Մայքլ Ֆելպսը պետություն լիներ, գոյություն ունեցող պետությունների ցանկում ոսկե մեդալների հաշվարկով կզբաղեցներ 32-րդ հորիզոնականը։ Ավելին՝ մոլորակի միայն 48 երկրներ են ավելի շատ ընդհանուր հաշվով մեդալներ նվաճել, քան Ֆելպսը: Դա նշանակում է, որ նա ունի ավելի շատ ամառային օլիմպիական մեդալ, քան 160 երկրներ**։
Ֆելպսի ֆենոմենը հմտության, ֆիզիկական կարողության եւ քրտնաջան աշխատանքի համադրություն է: Շատ փորձագետներ ասում են, որ Մայքլի մարմինը ստեղծված էր լողի համար: Նա բարձրահասակ է, ունի շատ երկար իրան եւ համեմատաբար կարճ ոտքեր, երկար ձեռքեր (նրա ձեռքերի բացվածքը 10 սմ-ով ավելի է իր հասակից, ինչը անոմալիա է) եւ մեծ ոտնաթաթեր (կոշիկի չափսը 48 է)։ Նրա երկար ձեռքերը ծառայում են որպես նավակի թիակներ, մեծ ոտնաթաթերը՝ որպես լաստեր, իսկ երկար իրանը եւ կարճ ոտքերը օգնում են նրան հեշտությամբ սահելու ջրի միջով:
Մայքլը տարիներ շարունակ մարզվել եւ աշխատել է, որ հասնի անհավանական արդյունքների։ Մի բան պարզ է, նրա ռեկորդը մոտ ժամանակներում չի գերազանցվելու․ Ֆելպսը տիրում էր օլիմպիական լողավազանին, ինչպես ոչ ոք։
Անպարտելիները
Քչերը կարող են պարծենալ, որ երբեւէ պարտություն չեն կրել իրենց օլիմպիական կարիերայի ընթացքում։
«Ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի բարձր»․ հայտնի կարգախոսի առաջին հատվածը ասես Ուսեյն Բոլտի մասին լինի։ Երբ խոսքը վերաբերում է օլիմպիական խաղերին, ճամայկացի արագավազորդը միշտ առաջինն էր, նա չգիտեր, թե ինչ էր նշանակում վերջնագիծը երկրորդը հատել։
Բոլտը ութակի ոսկե մեդալակիր է եւ միակ արագավազորդն է, ով 100 մետր վազքում տիտղոսներ է նվաճել անընդմեջ երեք օլիմպիական խաղերում ՝ 2008, 2012 եւ 2016 թվականներին: Ընդհանրապես, օլիմպիական խաղերում 100 մետրանոց վազքը շատ կարեւոր է։ Ընդամենը մեկ անգամ այս տիտղոսը նվաճելն էլ երաշխավորում է օլիմպիական անմահություն: Բացի այդ՝ հաճախ օգտագործվում է «աշխարհի ամենաարագ մարդը» պիտակը վազորդներին վերագրելու համար։
Տասը տարուց ավելի էր, ինչ ոչ մի մարզիկ բացի Բոլտից այս մարզաձեւում օլիմպիական խաղերում չէր հաղթել։ Վերջերս իտալացի արագավազորդ Մարսել Ջեյքբսն այս մարզաձեւում 9,80 վայրկյանում հատեց կապույտ ժապավենը, կարողացավ նվաճել ոսկին, սակայն չկարողացով գերազանցել պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտած Ուսեյն Բոլտի արագության ռեկորդը։ Վերջինս պահպանում է աշխարհի 9.58 եւ օլիմպիական խաղերի 9.63 ռեկորդները՝ շարունակելով կրել աշխարհի ամենաարագ մարդու նկարագիրը։
Անկախ նրանից՝ մարդիկ հետաքրքրված են սպորտով, թե ոչ, Ուսեյն Բոլտի մասին լսել են բոլորը, բայց այսօր քչերը կհիշեն ամերկացի ատլետ Ռեյ Իուրին։
Ինչպես եւ Բոլտը, Իուրին եւս նվաճել է ութ ոսկե մեդալ, իր մասնակցությամբ օլիմպիական բոլոր մրցումներում միմիայն հաղթանակներ գրանցել։ Այնուամենայնիվ, նա այսօր գրեթե անհայտ է, քանի որ նրա աննախադեպ սխրանքներն ու նվաճումները կատարվել են օլիմպիական խաղերի ներկայիս ցանկից դուրս մղված մարզաձեւերում․ եռակի ցատկ, կանգնած տեղից երկարության եւ բարձրության ցատկեր։
Ամենանշանակալին
Հաղթանակ ֆաշիզմի ու ռասիզմի նկատմամբ։
Բազում մարզիկներ ավելի շատ տիտղոսներ են ստացել եւ ռեկորդներ սահմանել, բայց օլիմպիական խաղերի ոչ մի մասնակցի գրանցած նվաճում երբեւէ նման նշանակություն չի ունենա, ինչպես աֆրոամերիկացի Ջեսսի Օուենսինը։
Վերջինս 1936 թվականին զարմացրեց աշխարհը՝ գերազանցելով օլիմպիական ռեկորդներ եւ նվաճելով չորս ոսկե մեդալ Բեռլինում` Հիտլերի նացիստական ռեժիմի մայրաքաղաքում։ Կործանարար բռնապետը պնդում էր, որ արիական ցեղը շատ ավելի բարձրակարգ է, քան աշխարհի ցանկացած այլ ազգ: Ջեսսին սեւամորթ էր, եւ դա նշանակում էր, որ նա դատապարտված էր պարտության: Այնուամենայնիվ, նա ցնցեց Հիտլերին եւ ամբողջ աշխարհին՝ գործնականում ցույց տալով, որ մարդուն չի կարելի թերագնահատել իր մաշկի գույնի եւ ծագման պատճառով:
*Տոկիո 2021-ի արդյունքները հաշվարկում ներառված չեն, քանի որ վերջնարդյունքները դեռ ամփոփված չեն։
**Խոսքը այսօր գոյություն ունեցող պետությունների մասին է, ուստի կազմալուծված պետությունները, ինչպիսիք են ԽՍՀՄ-ը եւ Չեխոսլովակիան, հաշվարկում չկան: