Լոռու մարզի Ապավեն գյուղի երեխաները դպրոց գնալու համար ստիպված են հասնել հարեւան գյուղ՝ Արծնի: Ներկայումս 60-70 բնակիչ ունեցող գյուղում դպրոց չի էլ եղել, տարրական դպրոց ստեղծելու փորձեր արվել են, բայց չեն հաջողվել:
Գյուղում դպրոցի բացակայությունը պայմանավորված է թե՛ բնակիչների թվով, թե՛ բյուջեի եւ թե՛ ուսուցչական կազմի պակասով: Այժմ Ապավենից Արծնիի միջնակարգ դպրոց հաճախող մոտ 15 աշակերտ կա: 2-3 կիլոմետր ճանապարհը նրանք հաճախ ոտքով են անցնում. Ապավենից Արծնի գնացող տրանսպորտային միջոց չկա: Յուրաքանչյուր աշակերտի պետությունն օրական 200 դրամ է տրամադրում որպես ճանապարհածախս, բայց ոչ բոլորը մեքենա ունեն, որ երեխաներին դպրոց տանեն: Մեքենա ունեցող ծնողներն էլ կարող են գործեր ունենալ ու չհասցնել կամ էլ կարող են արտագնա աշխատանքի գնացած լինել:
Ապավեն-Արծնի անբարեկարգ ճանապարհին իրավիճակը սրվում է ձյան ու անձրեւի ժամանակ: Տարածքում գայլեր էլ կան: «Փորձում ենք ինչ-որ բան անել. ձմռանը, օրինակ, ձյունը մաքրում ենք, բայց անձրեւի ժամանակ շատ բան անել չենք կարող: Համայնքապետարանն էլ փորձում է աջակցել, բայց մեծամասշտաբ բաներ չենք կարողանում անել, փոքր գործեր ենք անում, ասենք՝ փոսալցումներ»,- ասում է Ապավենի վարչական ղեկավար Հովհաննես Խաչատուրյանը: Ապավեն եւ Արծնի գյուղերը Սարչապետ խոշորացված համայնքի կազմում են:
Ի տարբերություն այլ դպրոցների՝ Արծնիի միջնակարգ դպրոցում դասերը սկսվում են ավելի ուշ՝ 09:30-ին, որ ապավենցի աշակերտները կարողանան հասնել: Երեխաների՝ ուրիշ գյուղից գալն ազդում է նաեւ նրանց ուսման որակի վրա: Հաճախ մինչեւ հասնում են դպրոց, արդեն հոգնած են լինում, տուն գնալուց հետո էլ շատ ժամանակ չի մնում դասերով զբաղվելու համար: Այնուամենայնիվ, ապավենցի Լիզան ու Լյովան դպրոցի լավ աշակերտներից են:
Ընդհանուր առմամբ, շուրջ 400 գրանցված բնակիչ ունեցող Արծնի գյուղի (փաստացի բնակվողների թիվն ավելի քիչ է) դպրոցում մոտ 70 աշակերտ է սովորում: Ապավենից եկող աշակերտների հարցով ծնողները դիմել են Լոռու մարզպետարան, որ գոնե տրանսպորտային միջոց տրամադրեն: Մարզպետն ասել է՝ չի խոստանում, բայց կփորձի որեւէ լուծում տալ խնդրին. այն դեռ լուծված չէ: Դիմել են նաեւ կառավարությանը, ասել են՝ հարցը համայնքապետարանն ու դպրոցը պիտի լուծեն:
Արծնիի դպրոցի տնօրեն Արմինե Թորոսյանն ասում է՝ 70 աշակերտ ունեցող դպրոցն այդքան բյուջե չունի, որ տրանսպորտային միջոց ձեռք բերի: Սարչապետ խոշորացված համայնքի համայնքապետարանից տեղեկացանք, որ դրա համար համայնքի բյուջեն էլ չի բավականացնում, այլ կարեւոր ծրագրեր են իրականացնում տարբեր գյուղերում՝ Պրիվոլնոյեում, Ձորամուտում եւ այլուր:
Ապավենի բնակիչ Անի Առաքելյանը վեց երեխա ունի։ Չորսը դպրոց են հաճախում, սովորում են 5-րդ, 7-րդ, 8-րդ ու 9-րդ դասարաններում: Մեքենա չունեն: «Իրենց տված 200 դրամով չորս երեխայիս ո՞նց ամեն օր տանեմ դպրոց, բերեմ: Ձյան ու անձրեւի ժամանակ էլ հաճախ դպրոց չեմ ուղարկում: Եթե ամուսինս գյուղում է լինում, իր հոր մեքենայով տանում, բերում է, իսկ եթե ոչ, չեն գնում: Լինում է նաեւ, որ երեխաները տաքություն են ունենում: Դպրոցից զանգում, ասում են՝ արի տար, էդքան պիտի ոտքով գնամ, հիվանդ երեխայիս տուն բերեմ»,- պատմում է Անին:
Հեռավար դասերի ժամանակ էլ չորս երեխայի համար մեկ պլանշետ են տրամադրել, որ կարողանան մասնակցել դասերին, մինչ այդ ընդհանրապես չեն մասնակցել: Անին ուզում է երեխաներին պարի կամ երաժշտական խմբակներ ուղարկել, որոնք գործում են, օրինակ, Սարչապետ գյուղում, Տաշիր քաղաքում, բայց դրա հնարավորությունն էլ չկա, քանի որ այս բնակավայրերը միացնող տրանսպորտային միջոցներ եւս չկան: Ավտոբուս նստելու համար ստիպված են ոտքով հասնել Նորաշեն գյուղ:
Ապավենում երեխաները ոչ մի զբաղմունք չունեն: «Մի կազմակերպություն կա, հեռախոսով զրուցել եմ իրենց հետ, ուզում են երեխաներին պլանշետներ տրամադրել ու օնլայն ճամբար կազմակերպել, թեեւ չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է արվել: Ուզում են խաղահրապարակ կամ մարզահրապարակ էլ սարքել, փոքր մի բան, շատ բյուջե չունեն, եթե ստացվի, լավ կլինի: Համայնքապետի հետ էլ մի քանի անգամ քննարկել ենք փոքր խաղահրապարակ կառուցելու միտքը»,- ասում է Հովհաննես Խաչատուրյանը:
Արծնիում «Արմաթ ինժեներական լաբորատորիա» կա, գոնե այստեղ երեխաները կարող են ինչ-որ բանով զբաղվել: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արծնիի միջնակարգ դպրոց գնացած անգլերենի ուսուցիչ Կարեն Աբրահամյանն էլ ֆուտբոլի խմբակ է ստեղծել:
Արծնիի դպրոցում ուսուցիչների պակաս, ինչպես դպրոցի տնօրենն է նշում, չկա: Գյուղում բավարար մասնագետներ կան, իսկ եթե որեւէ մասնագետ չի լինում, ուրիշ տեղերից են բերում, օրինակ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջոցով:
Դպրոցի խնդիրները
Դպրոցի մեծ խնդիրներից մեկը երկկոմպլեկտ դասերն են, այսինքն՝ երկու տարբեր դասարանների դասերն անում են 45 րոպեի ընթացքում: Արմինե Թորոսյանը մինչեւ տնօրեն նշանակվելն այսպես հայոց եւ համաշխարհային պատմություն է դասավանդել: «Երբ Սարչապետի դպրոցից տեղափոխվեցի այստեղ, ինձ համար սկզբում բարդ էր 45 րոպեում դաս վարել, օրինակ, ե՛ւ 5-րդ, ե՛ւ 6-րդ դասարանցիների հետ: Դրանից ուսումնական գործընթացն էլ կարող է տուժել, բայց այլ տարբերակ չկա: Միայն 9-րդ ու 12-րդ ավարտական դասարաններում է, որ դասերն առանձին են»:
2021 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսում է «Դպրոցական սնունդ» ծրագրի նոր՝ գումարային մոդելի իրականացումը Լոռու մարզում: Հիմա ծրագրի շրջանակում նորոգվում է Արծնիի դպրոցի ճաշարանը: Եթե նախկինում դպրոցներին սնունդ է տրվել, այժմ հատկացվելու է գումար, որով պիտի սնունդ գնվի, սննդակարգն էլ նախօրոք մշակվում է: Որպեսզի ծախսերը վերահսկվեն, դպրոցը քաղիրավական պայմանագիր է կնքում գնումների համակարգողի հետ, որն էլ կազմակերպում է գործընթացը: Դպրոցի տնօրենը նշում է՝ երեխաներին դպրոցում պատշաճ սննդով ապահովելն ուսման որակը խթանելու եւս մեկ միջոց է:
Միայն դպրոց չէ, որ չունեն
Ապավեն գյուղում միայն դպրոց չէ, որ չկա: Գյուղում չկան նաեւ խանութներ ու բուժկետ, բուժկետն Արծնիում է։
Ապավենի վարչական ղեկավարն ասում է՝ իրենք էլ են օգտվում դրա ծառայություններից, դժգոհ չեն: Իսկ ինչ-որ բան գնելու համար պիտի հասնեն հարեւան բնակավայրեր կամ էլ մեքենայով գնացող որեւէ մեկին գումար տան ու խնդրեն բերել: Գյուղի վարչական ղեկավարն ասում է՝ փորձել են խանութ բացել, չի ստացվել, մարդիկ այնքան են «ապառիկ» գնումներ արել, որ մինչեւ հիմա դեռ պարտք են:
Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Խոշորացված համայնքի միջոցներով գյուղտեխնիկա ձեռք բերելուց հետո հողագործությունն էլ է զարգանում: Տղամարդիկ նաեւ արտագնա աշխատանքի են գնում կամ էլ սեզոնային գործեր են անում: Գյուղում բնական գազ էլ չկա: «Դա այն կարեւոր պայմաններից մեկն է, որի չլինելու պատճառով մարդիկ արտագաղթում են: Քանի որ շատ բաժանորդներ չկան, մատակարարողները շահագրգռված չեն գազը գյուղ բերելու, այսինքն՝ դա էլ է մնում համայնքապետարանի վրա»,- ասում է Հովհաննես Խաչատուրյանը: