Երեւանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Հովհաննես Հովհաննիսյանը 7-րդ գումարման ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր։
2018-ի մայիսից մինչեւ 2019-ի փետրվար ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար էր։
2003-ից ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս է։ Դասավանդել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, 2006-2008-ին՝ Գավառի պետական համալսարանում, 2014-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2014-ին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ապրիլի 23-ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։