Վրաստանի առողջապահության նախարարությանը կից գործող Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտնել է, որ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների 80%-ը «Դելտա» կամ «Դելտա պլյուս» շտամով է վարակված:
Իմնաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է, որ «Դելտա» և «Դելտա պլյուս» շտամների միջեւ մեծ տարբերություն չկա, դրանք միմյանցից տարբերվում են միայն մեկ մուտացիայով:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ վարակաբանը նշել է, որ այժմ Վրաստանում վիրուսի շրջանառման չորրորդ փուլի գագաթնակետն է, սակայն, ի տարբերություն նախորդ փուլերի, սա երեւի ավելի երկար կտեւի՝ մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:
Իմնաձեն նաեւ նշել է, որ Վրաստանում չեն նախատեսվում նախորդ ճգնաժամերի պես սահմանափակումներ կիրառել, քանի որ պատվաստանյութ կա, եւ պատվաստվածները չպատվաստվածների համեմատ ավելի շատ ազատություն կունենան: Սահմանափակումներ գուցե լինեն բարձր ռիսկ պարունակող տարածքներում, օրինակ՝ ռեստորաններում: Իսկ առհասարակ փակ տարածքներ մուտք գործելու հնարավորություն կունենա երկու անգամ պատվաստվածը, հակառակ դեպքում պետք է իր հաշվին PCR կամ արագ թեստ հանձնի եւ բացասական պատասխանով մտնի տարածք:
Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնից հայտնել են, որ մեկ օրում պատվաստվածների թիվը Վրաստանում առաջին անգամ գերազանցել է 20 հազարի ցուցանիշը:
Պատվաստվածների թիվը գերազանցում է կես միլիոնը։ Առաջին դեղաչափ ստացել է 386 հազար մարդ։ Ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 4,7 տոկոսը կամ 178 հազար մարդ:
Վրաստանում կիրառվում է չորս տեսակի պատվաստանյութ: Pfizer-ով զանգվածային պատվաստումները մեկնարկել են հուլիսի 26-ին։ Կիրառվում են նաեւ բրիտանա-շվեդական AstraZeneka-ն եւ չինական Sinopharm-ի եւ Sinovac-ի պատվաստանյութերը։