Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արձակուրդի շրջանն ավարտվելուն պես Ֆրանսիայում տարեց մարդկանց եւ բնակչության խոցելի խմբերին կսկսեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինն առաջարկել:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրի ավելի քան 35 միլիոն մարդ (կամ բնակչության 53 տոկոսը), արդեն լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ավելի քան 42 միլիոն մարդ (կամ բնակչության 63,6 տոկոսը) ստացել է պատվաստանյութի մեկ չափաքանակ:
Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերն օգտագործել է՝ հերքելու համար կորոնավիրուսի եւ պատվաստումների հետ կապված միֆերը: Instagram-ում եւ TikTok-ում նա այսօր պատասխանել է հայրենակիցների՝ թեմայի վերաբերյալ հարցերին: Պատվաստումների մասին խոսելիս նա հայտնել է, որ պատվաստվել է Pfizer-ով՝ հավելելով, որ մայիսի 31-ին ստացել է Pfizer-ի առաջին չափաքանակը:
2020-ի դեկտեմբերի 17-24-ին Ֆրանսիայի նախագահը, կորոնավիրուսով վարակվելով, ինքնամեկուսացել եւ հեռավար էր աշխատում:
Էմանուել Մակրոնը երեկ Ֆեյսբուքում հայերեն, Թվիթերում ֆրանսերեն գրառում է արել՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարելու համար Ֆրանսիան պատվաստանյութ կուղարկի Հայաստան:
«Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար եւ համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 հազար դեղաքանակ ուղարկել Երեւան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,- գրել է Մակրոնը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը դրա մասին հայտնել էր նաեւ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում: