Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին իսկ՝ օգոստոսի 2-ի նիստի սկզբում տհաճ անակնկալ մատուցվեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին։ Վերջիններիս տեղաշարժը խիստ սահմանափակված է։ Լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել հանձնաժողովների նիստերի անցկացման մասնաշենք, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակներն են, օգտվել այն նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից:
Իսկ պատճառը գիտե՞ք որն է՝ ամբողջովին քողարկվել լրատվամիջոցների եւ լրագրողների հայացքներից։ Չե՞ք հավատում։ Ստորեւ՝ Ազգային ժողովի նոր նախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը, որ հաստատում է իմ ասածը։ Սիմոնյանը նախ հայտարարում է, թե դա սահմանափակում չէ, այլ աշխատանքի համակարգում, ապա ասում.
«…Իշխող խորհրդարանական ուժը պարտավորվում է մշտական կապ պահպանել լրագրողների հետ: Օրինակ, մեր հանձնաժողովների նախագահները պարտավոր կլինեն անձամբ կամ ինչ-որ մեկին հանձնարարել հանձնաժողովի յուրաքանչյուր նիստից հետո իջնել հատուկ հատկացված տեղ, որտեղ նրանք պարտավոր կլինեն շփվել լրագրողների հետ եւ նրանց համապատասխան տեղեկատվություն տրամադրել: Իսկ լրագրողները պատգամավորների աշխատասենյակ կգան այն ժամանակ, երբ պատգամավորներն իրենք դա ցանկանան»:
Եթե սա քողարկում չէ, ի՞նչ է. ամեն ինչ արվում է իրե՛նց, միայն իրե՛նց հարմարավետության համար։ Լրագրողը չի կարող անձամբ ընտրել, թե ում մեկնաբանությունն է ուզում ստանալ, իրե՛նք են ընտրում եւ բոլոր լրագրողներին «հրամցնում» նույն մարդուն։
Այսինքն՝ լրագրողական աշխատանքի կարեւոր բաղադրիչը՝ բացառիկությունը (էքսկլյուզիվությունը), վերանում է։ Բոլորը մի տեղում հավաքված լսում են նույն մարդու մեկնաբանությունը եւ տարածում միայն դա։
Լրագրողը չի կարող հարց տալու համար այցելել պատգամավորին կամ կանգնեցնել նրան միջանցքում։ Միայն ինքը՝ կարկառուն որեւէ ՔՊ-ական, կարող է ընտրություն կատարել՝ հրավիրել այս կամ այն լրագրողին։ Այսինքն՝ դարձյալ կքողարկվեն եւ կբացահայտվեն միայն այն ժամանակ, երբ իրենց է հարմար։
Էլ ինչո՞ւ են լրագրողները հավատարմագրվում ԱԺ-ում։ Թող խորհրդային ժամանակվա կանոնակարգով լուրը, մեկնաբանությունը, կարծիքը տրվի միայն, ասենք, պայմանական ՏԱՍՍ-ին, ու բոլորը տարածեն նույն բանը։ Իրենք էլ՝ ՔՊ-ականնները, ուրախ, երջանիկ, ապահով ֆռֆռան Ազգային ժողովում, չհանդիպեն լրագրողներին, որպեսզի հանկարծ մի տխմար բան չբլթցնեն ու դրանով չհարուցեն իրենց կուսակցության խիղճ ու պատիվ, վսեմաշուք առաջնորդ ընկեր Նիկոլ Վովայի Փաշինյանի զայրույթը։ Իսկ թե այդ զայրույթն ինչ ազդեցություն է ունենում, զգացել են սեփական մաշկի վրա։
Իրոք որ աննախադեպ տխմար որոշում է՝ միտված սեփական հարմարավետության ապահովմանը։ Սա է ապացուցում նաեւ Ալեն Սիմոնյանի մի հարցը, որ մի քանի լրագրողների հանդիպման մասին իր գրառմանը կից մեկնաբանության մեջ հիշատակել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը «…Հարցրեց (Ալեն Սիմոնյանը – Մ. Հ.)՝ օթյակը որ չլինի, ի՞նչ կլինի, կոնկրետ օրինակներով ասացինք՝ չի լինի: Հազար բան ենք ֆիքսում վերեւից: Մենք ձեր օպերատորի նկարածով չէ, որ պիտի հետեւենք՝ դահլիճում ինչ է կատարվում: Ասաց՝ հասկացա»:
Կասկածում եմ, թե Ալեն Սիմոնյանը հասկացել է ասածը կամ անգամ հասկանալով ընդունել է այդ փաստարկը։ Հենց միայն նրա հարցը («օթյակը որ չլինի, ի՞նչ կլինի») գալիս է փաստելու, որ իրենց ուզածն այն է, որ ոչ ոք ոչինչ չտեսնի, չարձանագրի՝ ինչ է կատարվում, որ ԱԺ-ի, պատգամավորների գործունեությունը լուսաբանվի իրե՛նց, միայն իրե՛նց օպարատորի ռակուրսից, իրե՛նց, միայն իրե՛նց ցանկացած պատգամավորը խոսի, իրե՛նց, միայն իրե՛նց հարմար լուրեր ու կադրեր հայտնվեն եթերում եւ համացանցում։ Իսկ որ չի հասկացել, փաստում է նաեւ «Պանորամա» կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանին հավատարմագրումից զրկելը։ Պատճառն իրենց համար անցանկալի լուսանկարների հայտնվելն էր։ Իրե՛նց «ռակուրսով» չէր նայել ԱԺ-ի անցուդարձին։
Եվ այս գործելաոճը նորություն չէ։ Այսպես է ամենուր. ուզում են, որ մենք ոչինչ չտեսնենք ու, օրինակ, տնտեսության մասին դատենք նախարար Վահան Քերոբյանի խրոխտ, ուտոպիստական-սոցիալիստական զեկույցներով, աննախադեպ աճի ու զարգացման մասին՝ վիճվարչության տվյալներով, իսկ մեր առաջընթացի մասին՝ Նիկոլի ու Ալենի՝ իրենց «պադավատների» պատուհաններից տեսած երանգներով։
Էդպես էլ պատերազմի մասին պիտի իմանայինք միայն իրենց ոչ պակաս խրոխտ ասուլիսներից, իրենց տված հավաստիացումներից, մինչ իրենք ստորագրեին կապիտուլյացիայի ակտը, հետո նույն խրոխտությամբ հայտարարեին, թե դա փրկություն էր։
Տարիներ առաջ թերթերից մեկը լուր էր գրել մի ֆերմերի մասին, որն իր կովերի աչքերին կանաչ ակնոցներ էր դնում, որ ծղոտը կանաչ տեսնելով՝ թարմ խոտ կարծեին ու իբր հաճույքով ծամեին։ Աննախադեպերն ուզում են, որ մենք էլ գունավոր ակնոցներ դնենք ու իրենց մատուցած «քարթու հացին» նայենք իբրեւ տորթի։
Հ. Գ. Ես կարող եմ ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանին միջազգային պրակտիկայից օրինակներ բերել ի պատասխան ե՛ւ հիշատակված սահմանափակումերի, ե՛ւ իր հեղինակած նախկին օրինագծի, ե՛ւ վերջերս ընդունված հայհոյանքը քրեականացնելու տգետ օրենքի։ Բայց քանի որ կասկածում եմ, թե կհասկանա, այլ բան կասեմ. եթե սույն պարոնն ու իր «արեւափայլ առաջնորդ» Նիկոլ Վովայի Փաշինյանը կարծում են, թե այս հարցում էլ «աննախադեպ» են, ապա դարձյալ սխալվում են (ինչպես իրենց «աննախադեպության» բոլոր հարցերում)։ ԽՍՀՄ-ը 70 տարի տվել է դրա նախադեպը, երբ երկրի անցուդարձն ու կյանքը տեսնում էինք բացառապես ՏԱՍՍ-ի, «Պրավդայի» եւ կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» ծրագրի ռակուրսով։ Իսկ կուսակցական չինովնիկներին տհաճ հարցեր տվող չկար։ Ի դեպ, պարոնա՛յք «աննախադեպեր», Հյուսիսային Կորեայում եւ Թուրքմենստանում էլ այդ բոլոր նախադեպերը կան ու ծաղկում են։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։