Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտի 63 կգ քաշային կատեգորիայում հանդես եկող Հովհաննես Բաչկովը օլիմպիադայի կիսաեզրափակիչ մարտի երեք ռաունդներում մրցավարների որոշմամբ զիջեց 22-ամյա ամերիկացի Դեյվիս Քեյշոուին եւ արժանացավ բրոնզե մեդալի:
Ուշագրավ է, որ 2018-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովի ախոյանը դարձյալ Դեյվիս Քեյշոուն էր, եւ այն ժամանակ նույնպես ամերիկացի բռնցքամարտիկը հաղթեց մեր մարզիկին:
Մինչեւ կիսաեզրափակիչ մենամարտը օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգու եւ Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8 եզրափակիչում 4։1 հաշվով՝ ադրբեջանցի Ջավիդ Չալաբիեւին եւ քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով՝ ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 32-րդ ամառային օլիմպիադայում խաղերի ավարտից երկու օր առաջ վաստակել է 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։