Ըստ ամերիկյան CNN հեռուստաընկերության՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները ձեռնամուխ են եղել գենետիկական տվյալների մի ամբողջ զանգվածի ուսումնասիրմանը՝ համավարակի պատճառները պարզելու համար: Այդ ընթացքում ի հայտ է եկել չինարենի մասնագետների պահանջ:
Հեռուստաընկերության տվյալներով տեղեկությունների վիթխարի գրացանկը պարունակում է նաեւ վիրուսի նմուշներից վերցված գենետիկ սխեմաներ, որոնք ուսումնասիրվում էին չինական Ուհանի լաբորատորիայում: Այստեղ 2019-ի դեկտեմբերին առաջին անգամ արձանագրվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի բռնկումը:
Թե ինչպես է հատուկ ծառայությունների համար նման տեղեկությունը հասանելի դարձել, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նման գենետիկ տվյալների ստեղծմանն ու մշակմանը առնչվող սարքավորումները, որպես կանոն, միացված են արտաքին ամպային սերվերներին: Դա, ըստ հեռուստաընկերության, սերվերները կոտրելու հավանականության վարկած է հուշում:
Մեծ ծավալի չմշակված տվյալներն օգտակար տեղեկության վերածելն ուղեկցվում է համակարգչային բավարար հզորության հետ առնչվող մի շարք դժվարություններով:
Հեռուստաընկերությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման իրավիճակներում ԱՄՆ հատուկ ծառայությունները, որպես կանոն, ապավինում են ամերիկյան էներգետիկայի նախարարությանը ենթակա ազգային լաբորատորիաների գերհամակարգիչներին:
Դրանից բացի՝ բարդություններ են ծագել համապատասխան գիտնականների որոնումների հարցում: ԱՄՆ հատուկ ծառայություններին վստահելի մասնագետներ են պետք, որոնք ոչ միայն ընդունակ կլինեն բացատրելու գենետիկական հաջորդականության տվյալները, այլեւ խորապես կտիրապետեն չինարենին: