Գերմանացիների ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել Անգելա Մերկելի բազմամյա գործունեությունը կանցլերի պաշտոնում:
Ըստ բեռլինյան Infratest dimap ինստիտուտի ARD հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրած հարցումների՝ գերմանացիների ավելի քան 75%-ի կարծիքով Անգելա Մերկելը վերջին 16 տարիներին իրեն դրսեւորել է իբրեւ իմաստուն կանցլեր: Հակառակ կարծիքն է արտահայտել գերմանացիների միայն 20%-ը:
Օգոստոսի 4-ին անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1312 մարդ: Ընդ որում՝ հարցվածների 78%-ը նշել է, որ Մերկելը բավական իրավասու քաղաքական գործիչ է, 77%-ը նրան ուժեղ առաջնորդ է համարել, իսկ 71%-ի կարծիքով Գերմանիայի գործող առաջնորդը վստահության է արժանի:
Գերմանիայի նոր կանցլերը կընտրվի սեպտեմբերի 26-ի Բունդեսթագի ընտրություններին: Ավելի շատ ձայներ ստացած կուսակցությունն էլ կառաջադրի կանցլերի պաշտոնում իր թեկնածուին, որն էլ կգլխավորի կոալիցիան:
Ներկայումս Գերմանիայի «կանաչներ»-ն իրենց վարկանիշով զիջում են Քրիստոնեա-դեմոկրատական եւ սոցիալ-քրիստոնեական միությանը: Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը Գերմանիայում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: