Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Zemen Press-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջեւ որեւէ պայմանագիր չկա, որը Թուրքիային թույլ կտա հատել Իրաքի սահմանը եւ այնտեղ ռազմական գործողություններ իրականացնել։
Իրաքի ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Իրաքի տարածքում «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ ծավալած ռազմական գործողություններին։
Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Իրաքի եւ Թուրքիայի միջեւ 1980-ին կնքված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիային թույլատրվում է 5 մ խորությամբ 72 ժ-ով ներխուժել Իրաք։
Անդրադառնալով Անկարայի այդ հայտարարությանը՝ իրաքցի նախարարն ասել է, որ այդ որոշումն ուղղված չէր ՔԲԿ-ի («Քրդստանի բանվորական կուսակցության») դեմ։ Մանավանդ, ինչպես հիշեցրել է Իրաքի արտգործնախարարը, այդ ժամանակաշրջանում տարածքը համարվում էր Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերի՝ փեշմերգեի տարածք, իսկ ՔԲԿ-ն դեռեւս չէր սկսել իր զինված պայքարը։