Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին այս շաբաթ ստացավ երկրի Հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի օրհնությունն ու հրամանագիրը՝ ընտրվելու ու գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին։
Հրամանագիրը ստանալիս Էբրահիմ Ռայիսին պատրաստակամություն է հայտնել լուծելու երկրի առաջ եղած մարտահրավերները, տեղեկացրել, որ այդ նպատակով տասը կետից բաղկացած ծրագիր է կազմել, իսկ բարեփոխումների քառամյա նախագիծը խոստացել առաջիկայում հանձնել փորձագետների եւ հանրության ուշադրությանը։
Նորընտիր ու Հոգեւոր առաջնորդի օրհնությունը ստացած նախագահը օգոստոսի 5-ին արդեն երդվեց Իրանի օրենսդիր մարմնում՝ երկրի առանցքային քաղաքական ինստիտուտների անդամների ու մի քանի տասնյակ օտարերկրյա պատվիրակների ներկայությամբ։
Ռայիսին իր երդման տեքստը սկսեց ժամանակի իմամ՝ Իմամ Մահդիի ոգեկոչմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Խոմեյնիի, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակմամբ, Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված ողջույնով։
Ռայիսիի երդմնակալությունը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ երկրում տնտեսական բարդ կացություն է։ Մի շարք բնակավայրերում չդադարող բողոքի ցույցեր են ջրի խնդրի ու չլուծվող սոցիալական հարցերի պատճառով։ Համաճարակային իրավիճակն այնքան ծանր է, որ առողջապահության նախարարը, կորոնավիրուսի հինգերորդ ալիք կանխատեսելով, առաջարկել է երկու շաբաթով փակել երկիրը։ Արեւմուտքի հետ հարաբերությունները դեռ անորոշ շրջափուլում են։
Այս բոլորը չխանգարեցին, սակայն, որ Իրանի նորնըտիր նախագահը համոզմունք հայտնի, որ նոր՝ 15-րդ դարում (Իրանական տոմարով հիմա 1400 թվականն է ), Իրանը նորանոր նվաճումներ է ունենալու եւ ամրացնելու է իր դիրքերը տարածաշրջանում ու աշխարհում։
Առհասարակ, նախագահի տեքստի մեծ մասը նվիրված էր երկրի արտաքին քաղաքական հարցերին։ Իրանի արտգործնախարարության շենքի վրա դաջված «Ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք» կարգախոսը ուղենիշային է եղել Իրանի արտաքին քաղաքականության ամբողջ պատմության ընթացքում, իսկ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն, իհարկե, հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին է։ Ընտրված ուղենիշային նպատակներին հասնելու ձեւերի ու մեթոդների ընտրությունը, սակայն, նախագահի ու նրա ձեւավորած կաբինետի իրավասության տակ են, եւ Իրանի նախագահները տարբեր, հաճախ իրարամերժ մոտեցումներ են ունեցել այս հարցերում։
Այսպես՝ Մոհամադ Խաթամին, «Քաղաքակրթությունների երկխոսության» տեսությունն առաջ բերելով, փորձում էր շփման հնարավորինս շատ եզրեր գտնել Արեւմուտքի հետ՝ օգտագործելով նաեւ մշակութային ու գիտական առնչակցության հնարավորությունները։
Մահմուդ Ահմադինեժադը Արեւմուտքին ամեն կերպ ու բոլոր միջոցներով ընդդիմանալու եւ արեւմտյանը մերժելու մեթոդն էր որդեգրել, ինչի հետևանքով երկիրն է՛լ ավելի մեկուսացավ միջազգային ասպարեզում։
Մեկուսացումից դուրս գալու եւ նոր երկխոսություն սկսելու խոստումով պաշտոնը ստանձնած Հասան Ռուհանիին հաջողվեց միջուկային համաձայնագիր կնքել։ Բայց ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ այդ համաձայնագրից, ինչի հետևանքով Ռուհանիի քաղաքականության արդյունավետությունը լուրջ կասկածի տակ դրվեց։
Ռայիսին, որ Ռուհանիի այդ քաղաքականության քննադատներից մեկն էր, խոստանում է միջազգային պատժամիջոցների վերացում՝ առանց ազգային անվտանգության հարցերի զիջման։
«Իրանի ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցները պիտի վերացվեն»․ երկու անգամ կրկնվող նախադասությունը Ռայիսին հնչեցրեց աներկբա, անքննելի պնդման տոնայնությամբ։ Միաժամանակ վստահեցրեց, որ պատժամիջոցների վերացման նպատակով կօգտագործվեն դիվանագիտական բոլոր հնարավորությունները, բայց իրենց նպատակների ճանապարհին ետքայլ չեն անի:
Նախագահը շեշտեց, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում, եւ որ միջուկային զենքը երբեւէ Իրանի անվտանգության ռազմավարության բաղադրիչ չի եղել։ Նորընտիր պաշտոնյան հիշեցրեց նաեւ, որ Իրանի հիմնադիր այաթոլլահ Խոմեյնին միջուկային զենքն արգելող «ֆեթվա»՝ հատուկ կրոնական հրամանագիր է արձակել։
Երդման տեքստի մյուս առանցքային թեման տարածաշրջանային քաղաքականության հարցն էր։ Ռայիսին շեշտեց, որ Իրանի՝ տարածաշրջանային քաղաքականությունը կայունության եւ անվտանգության աղբյուր է, եւ որ Իրանը հավատարիմ է մնալու իր այդ քաղաքականությանը։
«Իրանը բոլոր տառապյալների կողքին է լինելու՝ լինի դա Եվրոպայի սրտում թե ԱՄՆ-ում, Աֆրիկայում թե Եմենում, Սիրիայում թե Պաղեստինում»։ Այս դիտարկումը Իրանի՝ արտաքին քաղաքականության առանցքային դրույթներից մեկի արտահայտումն է։ Ըստ այդ դրույթի՝ աշխարհը բաժանվում է կեղեքիչների ու տառապյալների։ Նույն դրույթը սահմանում է, որ Իրանի՝ որպես կրոնական ժողովրդավարության ու արդար կառավարմամբ երկրի պարտավորությունն է օգնել բոլոր տառապյալներին։ Այս մոտեցման տրամաբանությամբ Իրանի կառավարման համակարգի՝ «Վելայաթե Ֆաղիհի» իրավասությունները չեն պարփակվում ֆիզիկական սահմաններով ու տարածվում են բոլոր այն վայրերի վրա, որտեղ «արդարություն» հաստատելու կամ վերահաստատելու խնդիր կա։
Նորընտիր նախագահի պարտականությունների մեջ առաջինը կառավարության կազմի ձեւավորումն է, որն, ըստ օրենքի, պիտի կատարվի երկու շաբաթվա ընթացքում։ Ալի Խամենեին, սակայն, հորդորել է չհապաղել ու հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական, համաճարակաբանական ծանր վիճակը՝ օր առաջ կազմավորել նոր կառավարություն ու անցնել աշխատանքի։ Երդվելիս Ռայիսին խոստացավ հաշվի առնել այս հորդորն ու առաջիկա օրերին կառավարության կազմը ներկայացնել խորհրդարանին՝ հաստատման։
Ռայիսիի երդմնակալության արարողությանը ներկա էին մի շարք պաշտոնյաներ տարածաշրջանից, այդ թվում՝ Աֆղանստանի նախագահը, Իրաքի նախագահը, ՌԴ պետդումայի խոսնակը, Հայաստանի վարչապետը, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը եւ այլք։ Ներկաներից շատերի հետ Ռայիսին նաեւ առանձին հանդիպումներ է ունեցել, նրանց հետ զրույցներում կարեւորել տարածաշրջանային համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները առանց արտատարածշրջանային դերակատարների լուծելու անհրաժեշտությունը։
Երդմնակալության արարողության մասնակիցների մեջ է եղել նաեւ ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունն ընկալվում է որպես Եվրոպա-Իրան բանակցությունների կարեւորման ու դրանք շարունակելու պատրաստակամության նշան։ Միաժամանակ, այս հանգամանքը աղմուկ է բարձրացրել իրանցի իրավապաշտպանների շրջանում, որոնք մինչ այդ Ռայիսիին մարդու իրավունքների ոտնահարման համար դատապարտելու կոչով էին հանդես եկել։
Ռայիսիի նախորդի՝ Ռուհանիի երդմնակալության ժամանակ հնչում էին ներքին կյանքի ազատականացման ու Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման խոստումներ։ Իրանի հասարակությունն ու միջազգային հանրությունն էլ քննարկում էին, թե որքանով այդ խոստումները կլինեն իրագործելի, ու որքան ազատությունների մասին կլինի խոսքը։ Ռայիսիիի ելույթի մասին ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս ենթադրություններ էին անում, թե որքանով կոշտ ու երկխոսություն բացառող դրույթներ կպարունակի։ Ռուհանին գնալիս ներողություն է խնդրել պատճառած տառապանքների ու չլուծված հարցերի, կյանքի չկոչված ծրագրերի համար, ինչին ի պատասխան իրանական թերթերից մեկի խորագիրն ասում է՝ «Ո՛չ ներելու ենք, ո՛չ էլ մոռանալու»։
Ռայիսին ընտրվել է «Ժողովրդի միջից, ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսով ու խոստանում է «ժողովրդի կառավարություն» ձեւավորել․ հիշելու, հիշեցնելու խոստում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։