Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վերջին օրերին շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալվում են անգամ Արարատ լեռան սառույցն ու մշտական ձյունածածկ հատվածը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին: Դա նաեւ կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը եւ հատկապես լեռնագնացությանը:
Թուրքական DHA գործակալության տեսանյութում Արարատ լեռան լանջերից կեղտի եւ կեղտաջրի հոսք է նկատվել դեպի լեռնալանջի մոտակա գյուղեր։
Տեսանյութը նկարահանել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը, որը շեշտել է, որ նման երեւույթի առաջին անգամ է ականատես լինում։
Շահինը նշել է, որ այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Ըստ նրա՝ եթե այս ջերմաստիճանը պահպանվի, 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։