Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ում Հոնկոնգի առանձին կատեգորիաների բնակիչների ժամանակավոր ապաստանի իրավունք տրամադրելու մասին հուշագրի վերաբերյալ:
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի լիազոր ներկայացուցչի գրասենյակը հուշագիրը Չինաստանի ներքին գործերին բացահայտ միջամտություն է որակել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 5-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ում ժամանակավոր ապաստանի իրավունք է տրամադրվում Հոնկոնգի այն բնակիչներին, որոնց կարող են հալածել Չինաստանի իշխանությունները: Բայդենը նաեւ կարգադրել է հոնկոնգցիներին ԱՄՆ-ում աշխատանքի տեղավորման հնարավորություն ընձեռել:
«Հոնկոնգում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության գրասենյակը ի պատասխան վճռական բողոք է հայտնում եւ խստորեն դատապարտում ԱՄՆ-ի կառավարության՝ Հոնկոնգի վերաբերյալ այսպես կոչված հուշագիրը: Այն արատավորում է Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքը, բացահայտորեն միջամտում Հոնկոնգի գործերին եւ ՉԺՀ-ի ներքին գործերին: Հուշագիրը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը»,- ասված է Հոնկոնգի լիազոր ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:
Հայտարարությամբ ընդգծվել է նաեւ, որ Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի մշակումն ու ընդունումը եւ հատուկ վարչական շրջանի ընտրական համակարգի բարեփոխումը վերականգնել են կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը, ապահովել Հոնկոնգի բնակիչների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը: