Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից կբացի սահմանը Հայաստանի քաղաքացիների համար: Դեսպանությունը կվերսկսի բոլոր տեսակի վիզաների հայտերի ընդունումը:
Իտալիայի կառավարությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, նախորդ տարվա հոկտեմբերից, ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։ Այժմ այդ արգելքը հանվել է:
Օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր չափահաս անձ ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել ուղեւորի տեղորոշման ձեւաթուղթը:
Անչափահասներին գրանցում են ուղեկցող չափահաս անձի ձեւաթղթում։ Անչափահասների՝ միայնակ ճամփորդելու դեպքում ուղեւորի տեղորոշման ձեւաթուղթը պետք է լրացվի խնամակալի կողմից՝ նախքան մեկնումը։
Ճամփորդելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններին ու կանոններին կարելի է ծանոթանալ Իտալիայի առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus բաժնում: