Ահնիձորը Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրն է։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայրենի գյուղի մասին Մաթեւոսյանը գրել է. «Օհանես պապը մի հարյուր տարի առաջ թողնում-փախչում է Հաղպատի հողատեր Զառ-բարաթով-Աբդուլաշվիլուց։ Նրա ետեւից գալիս են ուրիշներ՝ փախած սույն կամ ուրիշ իշխանիկից։ Գալիս մի տեղ տեսնում են՝ մի գետակ թափով կտրում է պղտոր գետը, բռնում են այդ գետակի հունը եւ բարձրանում։ Խեղճ մարդիկ էին՝ ունեցածը մի իշի վրա, եւ հիմնում են ընդամենը Ահնիձոր՝ աշխարհի ծայրին»։
Գյուղ տանող ճանապարհին անցորդներին ողջունում է հայրենի լեռնաշխարհն իր գիրկն առած Մաթեւոսյանը:
Դժվարանցանելի, տասնամյակներ ասֆալտի երես չտեսած ճանապարհի վրա տեղ-տեղ հանդիպող հողակույտերը հուշում են, որ ճանապարհը նորոգման կարիք ունի։ Մարզպետարանը խոստացել է, բայց դեռ ոչինչ չի արվել։ Թումանյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Մոտկորի վեց գյուղերի (Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր) բնակիչների համար ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի։
Հասնում ենք Ահնիձոր, ոլորաններից մեկը բերում է Հրանտ Մաթեւոսյանի հայրական տուն։ Այստեղ ընդամենը 16 տարի է ապրել գրողը, բայց նրա ստեղծագործության բոլոր դրվագները ծավալվել են Ահնիձոր-Ծմակուտում: Նա համոզված էր, որ Ահնիձորից «դուրս չգալով»՝ կարելի է պատասխանել աշխարհի ամենացավոտ հարցերին:
Տունը, որտեղ ապրել է գրողը, ըստ էության, Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնի մի մասն է, լրացնող հատվածներից մեկը կամ սիրտը, որ Երեւանից հեռու է բաբախում: Այստեղ ընտանիքի հետ ապրում է գրողի եղբայրը՝ գրականագետ Համլետ Մաթեւոսյանը:
Ահա այսպես ամեն ծանոթ-անծանոթի առջեւ Համո Մաթեւոսյանը լայն բացում է դարպասները, քայլում ենք դեպի տուն, ու մտաբերում է. «Կիսախարխուլ գոմն այստեղ էր, համարյա փլվում էր, Հրանտը տեսավ ընկեր-տղերքը եկել, օգնում են, որ գոմը քանդենք՝ տան շեմը բացվի, դառնացած նայեց, ասեց՝ «Հը՞ն, երազանքիդ հասա՞ր: Գոմ ա էլի, էդ գոմը կենսագրություն ունի, ո՞նց ես քանդում»: Իսկ իմ հավատով ես լավ բան էի անում»,- պատմում է Համլետ Մաթեւոսյանը:
Սիրում էր տան իրերը
Հրանտ Մաթեւոսյանը տանը վերաբերվում էր սրբավայրի պես, իրերին էլ՝ մասունքների: Անկյունում դրված գրապահարանը հայրն էր պատրաստել, որ ուսանող որդին Երեւան տանի, բայց պահարանն այդպես էլ մնաց տան անկյունում:
Կղմինդրե տանիքով, փայտե պատուհաններով տունը 1936 թվականին է կառուցվել, երբ գրողն ընդամենը մեկ տարեկան էր:
«Հայրս աշխատող ձեռք էր,- պատմում է գրողի եղբայրը,- մերկ ձեռքերով, ճռռացող սայլով ջուր կրելով, տանջանքով, չարչարանքով էր անում ամեն բան: Ու Ալավերդիից նոր հարս եկած մերս. երկուսով են այս տունը սարքել, կողքից մի հարեւան, մի կամեցող մի քիչ օգնել են, բայց ամեն ինչ ձեռքով են արել»:
Տան սենյակները տարբեր տարիներին են ավելացրել, մեծ սենյակը 70-ականներին է կառուցվել, իսկ տունը հիմնանորոգվել է 90-ականներին: Հրանտ Մաթեւոսյանն էլ մեծ ներդրում ուներ կառուցման մեջ:
«Ասպիրանտական քննության համար գնացի Երեւան՝ գրականության ինստիտուտ, Դավիթ Գասպարյանը՝ իմ գիտական ղեկավարը, փոխարենը մի նպաստավոր բան խոսեր, սկսեց գոռգոռալ, թե բա՝ «Հրանտը քեզ համար ռեմոնտ անո՞ղ ա, որ տարել ես գյուղ»: Իբր ե՞ս եմ տարել գյուղ: Եկա, տեսա՝ փոշու մեջ կորած գործ է անում, քար քանդում, պատշարի հետ աշխատում է: Տեսավ, որ դեմքիցս դժգոհությունը թափվում է, ասեցի՝ էդ քլունգը, բահը թող, վրաս խոսում են դասախոսները, ասեց՝ հիմար-հիմար քիչ դուրս տուր, ու կարգադրեց գործի անցնել»,- հիշում է Համլետ Մաթեւոսյանը։
Բաց պատշգամբը՝ Ահնիձորի անտառի տեսարանով, տան սիրելի անկյունն էր, բայց ստեղծագործում էր փայտե սենյակում, որը «Հրանտի տուն» էին կոչել:
Համլետ Մաթեւոսյանը պատմում է, որ երկու անգամ է եղբորը գրելիս տեսել: 1968 թվականն էր, Համլետը Լորուտի դպրոց էր գնում, Հրանտ Մաթեւոսյանը նստած գրում էր. «Ձմեռվա կեսին լույսը վառած աշխատում էր, կրակի մեջ փայտ էր գցում, ես էլ տեղիցս չէի շարժվում, չէի շնչում, որ չխանգարեմ: Առավոտյան՝ ժամը վեցին, ինքն էր արթնացնում, որ դպրոց հասնեի:
Մյուս անգամն էլ 1973 թվականն էր. «Չեզոք գոտի» պիեսն էր գրում, թույլ չէր տալիս, բայց ես թաքուն կարդում էի, մտապահում էի նախադասությունները, մտքերը»:
Տունը՝ որպես թանգարան
«Մուշեղ Գալշոյանի գյուղում՝ Վերին Կաթնաղբյուրում, տուն-թանգարան սարքեցին, չգիտեմ՝ ում նախաձեռնությունն էր, մինչդեռ Ահնիձորում լռություն է»: Համլետ Մաթեւոսյանը մինչ օրս պետական ոչ մի ուշադրություն, հոգածություն չի տեսել տան հանդեպ, իրենց առաջարկներն էլ մեծ մասամբ անպատասխան են մնում: Մաթեւոսյանները կառավարության հետ այլեւս հույսեր չեն կապում, դրա մասին դեռեւս ապրիլին են հայտարարել:
Դավիթ Մաթեւոսյանն ասում է՝ ծրագիր ունեն տունը նախնական տեսքի բերելու, թեեւ թանգարանի վերածելու շուրջ մոտեցումները հակասական են: Համլետ Մաթեւոսյանը ուրախ չէ այս առիթով, ասում է՝ տունը պետք է շնչի, այստեղ պետք է թանգարանային լռություն չլինի:
Իսկ Մաթեւոսյան հիմնադրամի տնօրենությունը մտադիր է տունը երեւանյան մշակութային կենտրոնի հետ կապված պահել՝ կազմակերպել գրական փառատոներ, ուխտագնացություններ, գրողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ գան, ապրեն ու ստեղծագործեն Ահնիձորում, նաեւ հարակից գյուղերում:
Միջազգային կազմակերպությունների հետ արդեն ծրագրեր են մշակում, նախատեսում են նաեւ ազգային պարկ հիմնել՝ տարածքի եզակի կենդանական ու բուսական աշխարհը պաշտպանության տակ առնելու համար:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։