Ոսկեպար գետի ձախ ափին գտնվող դատարկ տներից մեկում, որը կամրջից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է եւ պարզ տեսանելի ճանապարհից, հաստատվել են ռուս սահմանապահներ: Ինչո՞ւ են նրանք եկել, հատկապես ինչո՞ւ հենց այսօր, որքա՞ն ժամանակով են, ի՞նչ մանդատով: Հարցերը շատ ավելին են, սակայն պատասխաններ ու պաշտոնական բացատրություններ գրեթե չկան:
Լրատվամիջոցների՝ տեղեկությունը եւ ռուսական ծածանվող դրոշի լուսանկարը տարածելուց հետո միայն Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կարճ հաղորդագրությամբ հաստատեց փաստը՝ ամեն ինչ հայ-ռուսական պայմանավորվածության շրջանակում է:
Երկու հավանական նպատակ
Մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը մասնակի ներխուժումներ կատարեցին Հայաստանի Հանրապետության տարածք, նախ Սեւ լճի եւ ապա Վերին Շորժայի հատվածներ, օրակարգային դարձավ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների երկայնքով, բացառությամբ Նախիջեւանի, տեղակայել ռուսական ուժեր:
Այսպիսով՝ Արաքսի ափից՝ Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունուց, մինչեւ Պապաքարի շրջան՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունի, մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ հայկական կողմում ծածանվելու են ռուսական դրոշներ:
Ոսկեպարում ռուսական սահմանապահների տեղակայումը կարելի էր բացատրել բացառապես այդ տրամաբանությամբ, եթե չլիներ մեկ կարեւոր իրողություն: Հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածը հարաբերականորեն խաղաղ է, ադրբեջանական կողմից չեն եղել ներխուժման ակնհայտ եւ տեսանելի փորձեր, թեեւ անզեն աչքով նկատելի է, որ Ղազախի շրջանի Ղուշչու Այրում-Մազամ հատվածում Ադրբեջանը կատարում է շինարարական-ինժեներական մեծածավալ աշխատանքներ, որոնք սկսվել էին դեռ 44-օրյա պատերազմից եւ Տավուշյան դեպքերից առաջ:
Սահմանի այս հատվածում են գտնվում անկլավներից երկուսը, որոնք 1991-ից ի վեր հայկական վերահսկողության տակ են՝ Բաղանիս-Այրում, Ներքին եւ Վերին Ոսկեպար (Աշաղը եւ Յուխարը Աքսիպարա), Խեյրիմլի:
Տեղացիների՝ Բաղանիս, Ոսկեպար եւ Կիրանց գյուղերի բնակչության շրջանում եւ Տավուշի մարզում ընդհանրապես, մտահոգություն կա, որ Ադրբեջանը պահանջում է անկլավների վերադարձ կամ փոխանակություն, որին հայկական կողմը համաձայնություն է տվել:
Եթե Ոսկեպարում ռուսական սահմանապահների ներկայությունը պայմանավորված է անկլավների փոխանակության նախապատրաստական նպատակներով, ապա պետք է սպասել, որ սահմանի այս հատվածում կունենանք այն վիճակը, ինչը ունենք Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում, այն է՝ ադրբեջանական սահմանապահներ, ցուցանակներ, ճամփեզրին դրված քարտեզներ, մեջտեղում ռուս խաղաղապահներ, իսկ այս կողմում՝ հայ սահմանապահներ:
Չի բացառվում նաեւ երրորդ տարբերակը՝ ռուսական ներկայությունը Ոսկեպարում ե՛ւ անկլավների փոխանակման նպատակով է ծավալվում, եւ՛ համաձայն այն պայմանավորվածության, որով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելու են ռուսական սահմանապահ ուժեր:
Անկլավները. ի՞նչ ենք կորցնում
2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որ հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաեւ Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թվականների պատերազմում անցել էին հայկական վերահսկողության տակ:
Համացանցում տարածված փաստաթուղթը ներկայացվում էր որպես եռակողմ հայտարարության վերջնական տեքստ։ Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլեւս չկար այդ մասին որեւէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել էր նաեւ Իլհամ Ալիեւը։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։
Այսպիսով՝ եռակողմ հայտարարության նոր՝ խմբագրված տեքստում 7 գյուղերի մասին՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու, հատվածը հանված էր:
Հայկական կողմը, որին պարտադրվել էր եռակողմ հայտարարության տեքստը, կարողացել էր այդ հատվածը հանել փաստաթղթից:
Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը պնդի անկլավների վերադարձ/փոխանակություն, ապա դա կնշանակի, որ Իջեւանից Նոյեմբերյան ճանապարհը, որ Երեւան-Թբիլիսի եւ դեպի Ռուսաստան տանող զարկերակն է, անցնելու էր ադրբեջանական վերահսկողության տակ: Ճիշտ այնպես, ինչպես այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է Որոտանի եւ Հայաստանը Իրանին կապող ճանապարհի մի շարք այլ հատվածներ:
Բացի այդ՝ խոսվում է նաեւ Տիգրանաշենի մասին, որը նախկին Քյարքին է եւ պատկանում էր Նախիջեւանին:
Ի՞նչ ենք ստանում
Եթե տեղի է ունենում անկլավների փոխանակություն, ապա Հայաստանը ստանում է Արծվաշեն գյուղը, որը ադրբեջանական վերահսկողության տակ է 1992 թվականի օգոստոսի 8-ից:
Ռազմավարական իմաստով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավները չափազանց կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի, այդ թվում՝ հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ անխափան կապեր ապահովելու իմաստով:
Եթե դիտարկում ենք տարածքային տեսանկյունից, ապա հայկական վերահսկողության տակ գտնվող անկլավները միասին ավելի մեծ են, քան Արծվաշենը:
Մասնավոր առիթով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ 1991-1992 թվականներին տեղի է ունեցել բարտեր՝ անկլավների փոխանակություն, եւ դրանից Հայաստանը շահած է դուրս եկել:
Ադրբեջանը փորձում է իր պայմաններն ու կամքը թելադրել
44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Իլհամ Ալիեւը փորձում է իր պայմաններն ու կամքը թելադրել Հայաստանին ու Արցախին: Մասնավորապես, Բաքուն վերջնագրային կերպով պահանջում է.
ա) Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները, եւ Արցախից մնացած մասը ստանում է ինչ-որ տեսակի կարգավիճակ (մշակութային ինքնավարություն):
բ) Սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց է սկսվում, որի կարեւոր պայմաններից մեկը անկլավների հարցն է:
գ) Ադրբեջանը ազատ ուղի է ստանում Հայաստանի տարածքով՝ կապվելու Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:
Հայաստանը դիմադրում է
Հայաստանի իշխանությունները, Ռուսաստանի միջնորդությամբ եւ երաշխիքներով ներգրավվելով Ադրբեջանի հետ բանակցություններում, փորձում են հասնել նրան, որ.
բ) Ադրբեջանը եւ Թուրքիան վերջ տան Հայաստանի շրջափակմանը առանց նախապայմաններ:
գ) Արցախի ապագա կարգավիճակը կապ չունենա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչման՝ սահմանազատման եւ սահմանագծման հետ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։