Գերմանիայում անցկացված հարցումներից պարզվել է, որ վերջին տարիներին գերմանական մամուլի նկատմամբ վստահությունն աճել է։ Գերմանիայում փախստականի կարգավիճակով ապրող անձինք ավելի շատ վստահում են գերմանական մամուլին, քան այն երկրի մամուլին, որտեղից եկել են:
Մասնավորապես, Գերմանիայում բնակվող թուրքերի 44 %-ը չի թաքցել, որ մասամբ կամ լիովին վստահում է գերմանալեզու մամուլին։
Մինչդեռ, ըստ հարցումների, թուրքական լրատվամիջոցների նկատմամբ վստահություն է հայտնել գերմանաբնակ թուրքերի 35 %-ը։ Նույն գերմանահպատակ թուրքերի 65 %-ն էլ պնդել է, որ առհասարակ չի վստահում թուրքալեզու մամուլին։
Հարցումներից պարզվել է նաեւ, որ Գերմանիայում բնակվող թուրքերն, այնուամենայնիվ, ակտիվորեն հետեւում են թուրքալեզու մամուլին, իսկ այդ երկրում ապրող այլ ազգերի ներկայացուցիչները հիմնականում նախընտրում են գերմանալեզու մամուլը։
Ընդ որում, նրանք, ովքեր անձամբ են արտագաղթել Թուրքիայից, ավելի հաճախ են թուրքական մամուլին հետեւում: Գերմանիայում ծնված թուրքերի շուրջ 90 %-ը նախապատվությունը տալիս է գերմանական լրատվամիջոցներին։