Թուրքիայում հետաքննություն է սկսվել անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված #HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ։ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում օգնության կոչ էին արել հուլիսի 28-ից երկրի բազմաթիվ նահանգներում մոլեգնող մեծածավալ անտառային հրդեհները մարելու խնդրանքով:
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ դրանց հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։
Թուրք իրավապաշտպան Թուրգութ Քոզանը նշել է, որ նման հրապարակումները հետեւել են գյուղանտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլի հայտարարությանը, թե Թուրքիան հրդեհաշիջման ինքնաթիռներ չունի։ Իրավաբանն ընդգծել է, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է, եւ միանգամայն բնական է, որ այրվող անտառները տեսնող քաղաքացիներն օգնություն են խնդրում։ Այնինչ իշխանությունն անտարբեր է այդ կոչերի նկատմամբ։
Քոզանը շեշտել է, որ օգնության ճիչը չի կարող հանցանք համարվել՝ ընդգծելով, որ նման խնդիր չէր ծագի, եթե Թուրքիան իրավամբ իրավական պետություն լիներ, ինչպես ասված է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունում։
«Օգնության հայցումը հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։ Նման հետաքննությունները պատմության մեջ պետք է գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն եւ ուսուցանվեն»,- ընդգծել է իրավապաշտպանը։