Մոսկվայի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ամերիկացի ներդրող Մայքլ Քալվիին։ Դատավճիռն ընթերցվել է երկու օր։ Դատարանը նաեւ 5 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել. առանց իշխանությունների թույլտվության Քալվին չի կարող դուրս գալ Ռուսաստանից եւ պարբերաբար պետք է ներկայանա իրավապահներին։
Մոսկվայում 1994-ին հիմնադրված Baring Vostok ընկերության ղեկավար Մայքլ Քալվիին «Վոստոչնի» բանկի միջոցները մսխելու մեղադրանք է առաջադրվել: Գործարարը չի ընդունում մեղադրանքը եւ դատավճիռը վիրավորական է համարել։ Քալվին հայտարարել է, որ պայմանական ազատազրկում ստանալը համարյա հաղթանակ է, բայց վրդովեցուցիչ է չկատարած հանցանքի համար դատապարտվելը։