Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության եւ արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ եւս նրան եւ մեր օլիմպիական թիմի ամենաերիտասարդ մարզիկին՝ հանրապետության բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանին էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը:
Հայաստանի հավաքականը խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ:
Արարողությունը կմեկնարկի օգոստոսի 8-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին, Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքի`Փարիզի քաղաքապետին:
Հայաստանը 32-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ: