Քառասունչորսօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական զինված բախումներ տեսականորեն չպետք է լինեին, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, եթե դա իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, ազդարարում է ռազմական գործողությունների ավարտը:
Փաստացի բոլորովին այլ իրավիճակ ունենք, որի կարգավորման դիվանագիտական հնարավորություններ դեռեւս կան, ինչպես ԶՈՒ հրամկազմին պաշտպանության նորանշանակ նախարարին ներկայացնելիս ձեւակերպեց վարչապետ Փաշինյանը:
Այս համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի Երասխի խնդիրը:
Եթե հայ-ադրբեջանական շփման նոր գծի Սոթք-Խոզնավար հատվածում սրացումներին ինչ-որ «բացատրության տրվում են»՝ դատելով միջազգային կառույցների եւ հատկապես ՌԴ ԱԳՆ ենթատեքստային հղումներից, ապա Երասխում թշնամական կողմի գործողությունները դուրս են անգամ այդ «տրամաբանությունից»:
Բանն այն է, որ Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանազատումը նախկին խորհրդային-վարչական չէ, իրականացվել է եռակողմ՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությամբ՝ Կարսի պայմանագրով, որի հինգերորդ հոդվածում բառացիորեն հետեւյալն է ասված. «Թուրքիայի կառավարությունը եւ Սովետական Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո»:
Սկզբունքորեն այդ հարցը լուծվել է Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով, որի 100-րդ տարելիցին կողմերը բարձր մակարդակով վերահաստատեցին այն: Եթե կա Կարսի պայմանագրին կից հավելված, որով որոշվել են Նախիջեւանի մարզի սահմանները, ուրեմն այդ ուղղությամբ սահմանազատումն արդեն իսկ իրականացված է, կողմերը կանգնած են այն դիրքերում, որ քարտեզագրել են ռուս եւ թուրք ռազմական մասնագետները:
Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ առկա սահմանների երաշխավորներ, այսպիսով, հանդիսանում են Թուրքիան եւ Ռուսաստանը: Հետեւաբար այդ ուղղությամբ սահմանն արդեն իսկ փոխհամաձայնեցված կոնֆիգուրացիա ունի, որը ո՛չ 1992-1994 թվականների, ո՛չ քառասունչօրսօրյա պատերազմի հետեւանքով չի փոփոխվել: Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանանշման եւ սահմանագծման մասին դիսկուրսը չպետք է շոշափի Նախիջեւանի ուղղությունը:
Եվ եթե Վերին Շորժայում կամ Կութում թշնամու գործողություններին «դժվար է իրավական գնահատական տալ, քանի որ փոխադարձաբար ճանաչված սահման չկա», ինչպես հաճախ ասում են ռուս եւ արեւմտյան որոշ փորձագետներ, ապա ի՞նչ բացատրություն ունի Երասխում դիրքային բարելավում ապահովելու թշնամական կողմի ձգտումը: Սա հարց է, որ Հայաստանի իշխանությունը, կարծես, չի ուզում բարձրաձայնել:
Գործ ունենք դիվանագիտական ծուղակ լարելու թուրք-ադրբեջանական խարդախամտությա՞ն հետ: Մենք առհասարակ ունե՞նք քառասունչորսօրյա պատերազմի միջազգային-աշխարհաքաղաքական համատեքստի սթափ եւ մասնագիտորեն հիմնավորված գանահատական: Հայաստանում նման «տնային աշխատանք» կատարվե՞լ է, կատարվո՞ւմ է:
Իշխանություն-ընդդիմություն «փոխհրաձգությունը» եւ կենցաղային մակարդակի դիսկուրսը՝ «պատերազմի դաշտից ճողոպրած զինվորականների» կամ Արցախը թողած պաշտոնյաների, վարչապետի «դավաճանության» թեմաներով, բացառապես ներքին սպառման համար է:
Կոպիտ ասած՝ «կուտ»: Թվում է՝ պետք է կարողանալ մի հարցի պատասխան գտնել. պատերազմը հայ-թուրք-ադրբեջանական նախկին՝ Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություններով հաստատված եւ ղարաբաղյան առաջին պատերազմով հօգուտ մեզ փոխված ստատուս-քվոն վերահաստատելո՞ւ, թե՞ նոր ստատուս-քվո ձեւավորելու հարց պիտի լուծեր: Երասխի «առեղծվածը» կարելի՞ է դիտարկել այս հարցադրման տիրույթում:
Սեփական լրատվամիջոցի տպագիր կամ էլեկտրոնային հարթակից, ինչ խոսք, հնարավոր է ներշնչել, որ ՄԱԿ-ը չի ճանաչում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Կարսի պայմանագիրը: Իսկ ՄԱԿ-ն ի՞նչ սահմաններում է ճանաչել Հայաստանը, կամ ըստ ՄԱԿ-ի՝ ո՞րն է Թուրքիայի արեւելյան սահմանը: Դա հաստատ Վիլսոնի «գիծը» չէ: Բայց ավելի էական խնդիր կա. ոչ մի կասկած, որ Թուրքիան ձգտում է հարավկովկասյան նոր ստատուս-քվոյի, եւ Ադրբեջանը գործիք է: Այլապես թշնամին գոնե Երասխում փոքր-ինչ զսպվածություն կցուցաբերեր:
Խնդիրն այն է, թե Ռուսաստանը նախկին ստատուս-քվոն վերահաստատելու նպատակ եւ բավարար գործիքակազմ ունի՞: Երբ ասվում է, որ ԼՂ կարգավորման բանալին Մոսկվայում է, որքան կարելի է հասկանալ, դա է նկատի առնվում: Երբ խոսվում է Հայաստանի բաց թողնված հնարավորության մասին, պետք է խորքով գնահատել. կար խորհրդային ստատուս-քվոն վերահաստատելու եւ ԼՂ խնդիրն այդ թակարդից հնարավորինս բարենպաստ ելքի հեռանկարով դուրս բերելու պատեհություն, որը մսխվեց:
Ինչո՞ւ։ Շատ հանգամանալի, շյուղ առ շյուղ քննարկելի հարց է:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երիցս ճիշտ է, երբ ասում է, որ ԼՂ հարցի խոր ընկալում մենք չունենք: Չեմ հավակնում մեկնաբանելու առաջին նախագահի գնահատականը: Ասեմ միայն, որ ես հասկանում եմ այնպես, որ Ադրբեջանն ունեցել է ԼՂ-ն վերացնելու, արցախահայությանը հայրենազրկելու պետական ծրագիր, որի տապալումը եւ 1994-ի մայիսյան հրադադարն արդեն իսկ մեծագույն հաղթանակ էին: Դա կբերեր նոր, մեզ համար ավելի բարենպաստ ստատուս-քվոյի իրավական ձեւավորմանը:
Երասխի «առեղծվածը» մղում է կանխատեսման, որ թշնամին ձգտում է իր համար առավելագույնս նպաստավոր նոր ստատուս-քվոյի պայմանագրային պարտադրանքի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։