Ըստ The Times of India պարբերականի՝ Չինաստանի սահմանի երկայնքով տեղակայված հնդիկ սահմանապահների սպառազինությունը համալրվել է ամերիկյան արտադրության նորագույն SIG Sauer 716 գրոհային հրացաններով, ինչպես նաեւ շվեյցարական արտադրության MP-9 ատրճանակ-գնդացիրներով:
Մասնագետների պնդմամբ՝ ամերիկյան գրոհային SIG Sauer 716 հրացանները արդյունավետ զենք են լեռնային տեղանքում մարտական գործողությունների համար: Պարբերականը նշել է, որ Հնդկաստանը նշված հրացանների 150 000 պատվեր է տվել Չինաստանի հետ սահմանին իրավիճակի սրացումից հետո:
Սպառազինությունը նման զենքով համալրելու մասին որոշումը պաշտոնական Նյու Դեյլին ընդունել է դեռեւս 2019-ին, երբ 72 400 հատ 7,62-մմ-անոց տրամաչափի SIG Sauer հրացանների առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիր էր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ պաշտպանական գնումների արագացված գործընթացով:
Զենք արտադրող ամերիկյան SIG Sauer միջազգային կոնցեռնի հրացանները կփոխարինեն սահմանապահ զորամասերում հնդկական արտադրության INSAS հրացաններին, որոնք Հնդկաստանում զինվորականների պարսավանքին են արժանացել:
Նույն տարում հնդկական ցամաքային զորքերը մտադրվել են ձեռք բերել նաեւ շվեյցարական արտադրության MP-9 ատրճանակ-գնդացիրներ՝ հատուկ ստորաբաժանումների սպառազինությունը համալրելու նպատակով:
Դեռեւս նախորդ տարվա մայիսին Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանի Լադակխ լեռնային տեղանքում տեղի ունեցան երկու կողմից զոհերի հանգեցրած բախումներ:
Չինաստանն ու Հնդկաստանը այդ հատված տեղափոխեցին ծանր հրետանի, տանկեր եւ ավիացիա: Զինվորական եւ դիվանագիտական ներկայացուցիչների բանակցությունների շարքից հետո այս տարվա փետրվարին Պեկինն ու Նյու Դեյլին սահմանի այդ հատվածից սեփական ուժերի հայելային հետքաշում իրականացրին: