Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը դեմ չէ Ռուսաստանի հետ ինտեգրմանը, բայց ո՛չ երկրի պետականության եւ ինքնիշխանության հաշվին:
«Սակայն ինչպե՞ս կարելի է ինտեգրվել, եթե ձեզ մոտ բնական գազի գինը երկու-երեք անգամ ցածր է, քան Բելառուսում»,- նկատել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն ասել է, որ ցանկացած միջպետական դաշինքի հիմքում դրված է հավասարության սկզբունքը՝ ներառյալ տնտեսական հարցերը: Նա հավելել է, որ հավասար պայմանների ստեղծման գործում մեծ է ե՛ւ բելառուսների, ե՛ւ ռուսների վաստակը:
Բելառուսի նախագահը նշել է, որ բելառուսները սերտ դաշինքին երբեք դեմ չեն եղել, բայց ռուսներն իրենց միշտ հեռավորության վրա են պահել, ընդ որում հիմա՛ էլ են հեռավորության վրա պահում:
Լուկաշենկոն ընդգծել է, թե ակնարկներ կան, որ ինտեգրացիան իբրեւ Ռուսաստանի կազմ մտնելու գաղափար է ընկալվում:
«Մենք ինքնիշխան եւ անկախ պետություն ենք: Երբ ես լսում եմ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ ակնարկներ, միշտ սկսում եմ մտածել Պուտինի գլխով. Ռուսաստանին պե՞տք է արդյոք եւս մի գլխացավանք: Բնականաբար ո՛չ: Հենց այդպես է Ռուսաստանի նախագահը դա հասկանում: Ինտեգրման, տնտեսության մեջ ամբողջապես ինտեգրվելու համար կարիք չկա, որ ինչ-որ մեկին վերցնես ու միացնես քեզ»,- եզրափակել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է, որ տարեվերջին տեղի կունենա Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը, որի ժամանակ հնարավոր է՝ բավական լուրջ որոշումներ ընդունվեն: