Ստամբուլում լույս տեսնող հայկական երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի կայքի թուրքերեն էջը հայտնել է, որ ավարտվել է Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումը։
100 տարվա ավերակ եկեղեցու վերանորոգումը ստանձնել էր Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները եւ մկրտարանը։
Կառույցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատյանում արձանագրված է եղել որպես եկեղեցի։ Այն Հրանտ Դինքի ծնված թաղամասից 250 մ հեռավորության վրա է։
Եկեղեցին այսուհետեւ երկու գործառույթ կունենա։ Այստեղ կկազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության եւ պսակադրության արարողությունները։ Հայկական սրբատեղին միաժամակ նաեւ մշակութային կենտրոն կլինի։
Եկեղեցու մուտքի մոտ 3 լեզվով (թուրքերեն, հայերեն եւ անգլերեն) գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։
Օգոստոսի 26-ին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։