Այսօր բնիկ ժողովուրդների միջազգային օրն է: ՄԱԿ-ը 1994-ին օգոստոսի 9-ը տոն է հռչակել ի պաշտպանություն աշխարհի 370 միլիոն բնիկների, որոնք ապրում են իննսուն տարբեր երկրներում: Աշխարհի բնակչության հինգ տոկոսը կազմող բնիկ ժողովուրդներն ու նրանց իրավունքներն ավանդաբար անտեսված են եղել:
Հայտնի է, օրինակ, որ Կանադայի իշխանություններն ավելի քան հարյուր տարի վարել են բնիկների մշակույթը վերացնելու քաղաքականություն՝ չընդունելով նրանց որպես երկրում ապրող ինքնուրույն ժողովուրդների: Բնիկների երեխաների համար Կանադայում ստեղծվել էին գիշերօթիկ դպրոցներ, որտեղ արմատները մոռացնել տալու եւ մշակույթը համահարթեցնելու հատուկ ծրագիր էր մշակվել: Այդ քաղաքականության շրջանակում 1840-ից ընդհուպ մինչեւ 1996 թվականը ավելի քան 150 հազար բնիկ երեխա է տարվել եկեղեցիներին կից գործող գիշերօթիկ դպրոցներ, որպեսզի նրանք չհաղորդակցվեն իրենց ծնողների ու հարազատների հետ եւ մոռանան բնիկների ապրելակերպն ու սովորույթները: Կանադական կառավարության՝ տարիներ առաջ հրապարակած զեկույցի համաձայն՝ ավելի քան 3 հազար երեխաներ պարզապես մահացել են այդ դպրոցներում՝ ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնությունների:
Կառավարության հովանավորությունը
Այսօր, սակայն, այլ է պատկերը Կանադայում: Կանադայի կառավարության բարձր հովանու ներքո է գործում բնիկ ժողովուրդների նկատմամբ ճնշումները հետաքննող հանձնաժողովը, որի գործունեությունը հսկում եւ ողջունում է անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա Կանադայի պատմությունը դիտարկում է որպես ամբողջական մի պատմություն, որում իրենց առանձին ու պատվավոր տեղն ունեն բնիկները՝ հնդկացիներ, էսկիմոսներ, մետիսներ եւ այլն։
Նրանց մեջ մտնող ցեղախմբերից շատերը ոչնչացվել կամ ձուլվել են՝ շփվելով եվրոպացիների հետ։ Բայց նրանք, որոնք դիմացել են քաղաքակրթության մարտահրավերներին, այսօր վայելում են Կանադայի կառավարության բարձր հովանավորությունը:
Հայերը բնիկների մեջ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն անցյալ տարի առաջին անգամ այցելել էր Կանադայի Ալբերտա նահանգում ապրող լեռնային քրի (cree) ցեղախմբի ճամբարներից մեկը, որտեղ նրան ու առաջնորդարանի պաշտոնյային դիմավորել են հատուկ ծիսակարգով՝ քրիների ցեղապետ Ռեյնհարթ Ռոանի գլխավորությամբ:
Հայ եկեղեցու սպասավորի այցելությունն այս ճամբար պատահական չէր. քրիների մեջ, պարզվում է, նաեւ հայեր կան, որոնք սկսել են հետաքրքրվել իրենց արմատներով: Ցեղապետի հետ Կանադայի Հայոց թեմի առաջնորդին դիմավորել է նաեւ քրիների հետ նույն ճամբարում ապրող հայ Զորթյաններից մեծը՝ Առնակ Զորթյանը: Այստեղ ապրող հայերը իրենց տղաներին հաճախ Առնակ են կոչում: Տղաները կրում են նաեւ Տիրան, Անդրանիկ եւ այլ հայկական անուններ:
Առնակ Զորթյանի եւ լեռներում ապրող Զորթյանների մասին տեղեկություններ ստացանք Կանադայի հայոց առաջնորդարանից, որն արդեն պաշտոնապես ճանաչում է տեղաբնիկ այս ժողովրդի, նրանց հետ ապրող հայերի ինքնությունը:
Կուտինայից Կանադա
Զորթյան ընտանիքի նախահայրը Հյուսիսային Ամերիկա է հասել Փոքր Ասիայից՝ պատմական Կուտինայից եւ, ծանոթանալով քրի ցեղի հետ, ամուսնացել այդ ժամանակվա ցեղապետի աղջկա հետ: Ծնվել են երեխաներ, որոնք, կրելով հայ-քրիական արյուն, երբեք չեն հրաժարվել իրենց ազգանունից: Լեռնային քրի ժողովուրդը Կանադայի մյուս բնիկ ժողովուրդների պես պահել է լեզուն, այբուբենը, ավանդույթները. նրանք 15 հազար տարուց ավելի պատմություն ունեն:
Այսօր Զորթյան ընտանիքի անդամների մի մասն ապրում է Կալիֆոռնիայում, մյուս մասը՝ Ալբերտայի քրիական Cree-Smallboy ճամբարում:
Կալիֆոռնիայում եւ Կանադայում բնակվող Զորթյանները նույն ընտանիքի երկու ճյուղերի անդամներ են: ԱՄՆ-ում Զորթյաններից մեծ հռչակ է վայելել նկարիչ, արվեստագետ եւ փիլիսոփա Ժիրայր Զորթյանը (մահացել է 2004-ին): Նա Միացյալ Նահանգներում «Զորթյան ագարակ»-ն է հիմնել, որտեղ արվեստագետներ, Նոբելյան մրցանակակիրներ էին այցելում:
Զորթյանների նախահայրը կուտինահայ գրող, հրապարակագիր Համբարձում Զորթյանն է, որ արեւմտահայ մամուլում ստորագրել է «Առնակ» գրչանունով: Կանադայի լեռնաբնակ Զորթյաններից ոչ մեկը չի հեռացել իրենց մեծ հորը ապաստան եւ կին տված քրի ժողովրդից, նրանք ապրում են նույն սովորույթներով, մասնակցում ավանդական ծեսերի: Հայոց առաջնորդարանից այցելած հյուրերի հետ նրանք «Արեւի պար» հնագույն ծեսն են կատարել, ձուկ բռնել, ճաշել։
Առնակ Զորթյանը կանադական լեռներում բնակվում է իր որդիների ու նրանց ընտանիքների հետ՝ գմբեթավոր վրաններում, որ ավանդաբար ժառանգված կացարանի ձեւ է:
Քրիների ճամբարից դեպի ժամանակակից հայեր առաջին քայլերից մեկը կատարել է ընտանիքի համեմատաբար երիտասարդ անդամը՝ Անդրանիկ Զորթյանը, որ Կանադայի դպրոցներից մեկում միջմշակութային ուսուցիչ է, հայկական մշակույթ է դասավանդում: Նաեւ ուսումնասիրում է Կոմիտասի երաժշտությունը եւ մեծ ցանկություն ունի Հայաստան այցելելու: Նա ասել է, թե լեռներում ապրող իր հայ ընտանիքը նախնիների ժառանգության հետ ավելի լայն կապերի կարիք է զգում:
Լուսանկարները՝ Կանադայի Հայոց առաջնորդարանի կայքից
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։