Նախանցյալ եւ անցյալ դարում իրանական Ատրպատականը հեղափոխություն է բարձրացրել եւ անկախություն հռչակել: Երկու անգամ էլ՝ արտաքին միջամտությամբ: Մի դեպքում ցարական Ռուսաստանն է կենտրոնական իշխանություններին աջակցել, որովհետեւ անջատողականության հովանավորն Անգլիան էր: Երկրորդ անգամ ԱՄՆ-ը եւ Անգլիան են Ստալինին պարտադրել, որ զորքերը դուրս բերի Թավրիզից, որովհետեւ հեղափոխության նպատակը խորհրդային եւ իրանական Ադրբեջանի միավորումն էր:
Այդ իրադարձությունները գրականության մեջ էլ արտացոլված են։ Դա Միրզա Իբրահիմովի «Կգա օրը» վեպն է՝ խորհրդային Ադրբեջանում պաշտամունքային մի ստեղծագործություն, որի ոգով մի քանի սերունդ երազել է եւ դեռ երազում է այն օրը, երբ Արաքսի ձախ եւ աջ ափերին ապրող թրքախոս հանրությունը կմիավորվի մեկ պետության կազմում:
Նույնն է նաեւ Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմը, որ գրվել է 1958 թվականին եւ առաջին տողից մինչեւ վերջինը ոչ միայն անեծք է «միասնական Ադրբեջանը մասնատող» ցարական Ռուսաստանի հասցեին, այլեւ բաղձանք, որ երբեւէ «պատմական արդարությունը կվերահաստատվի»:
Գիտական պատմագրությունն, անշուշտ, ոչ վաղնջական, ոչ նոր ժամանակներում չի ճանաչում «միասնական Ադրբեջան» պետական կազմավորում: Բայց պատմությունը տնօրինել է այնպես, որ 10-11-րդ դարերից սկսած՝ Իրանի հյուսիսը եւ Կասպից ծովի արեւելյան առափնյակը բնակեցվել են թրքախոս ցեղախմբերով, եւ նրանք, ըստ տարբեր հաշվարկների, ներկայումս հավաքականորեն քսան-երեսուն միլիոն են:
Քառասունչորսօյա պատերազմի մասնակից հայ երիտասարդ սպան, որ հինգ-տասը տարի ծառայել է սահմանապահ զորքերում եւ իրանական կողմի հետ որոշ լեգալ կամ անլեգալ հարաբերություններ է ունեցել (կարծում եմ), ապշած պատմում էր, թե Արաքսի աջ ափին ինչ տոնախմբություն էր կազմակերպվել, երբ ադրբեջանական զորքը գրավել էր Ջեբրայիլը: Սահմանապահ սպան համոզված է եղել, որ Իրանը Հայաստանի բարեկամն է, թիկունքից ոչ մի սպառնալիք չի հարուցի:
Առարկայորեն, իհարկե, Իրանը քառասունչորսօրյա պատերազմում չեզոքություն է պահպանել: Բայց երբ իրանական ափից լսվել են ամենավերջին հայհոյանքներ եւ սպառնալիքներ, հայ երիտասարդ սպան հոգեբանորեն ճնշվել է: Երբ Արաքսի ձախ եւ աջ ափերի միջեւ նույն էներգետիկան է հաստատվել գրոհող ադրբեջանական բանակի եւ նրան աջակցող հազարավոր թրքախոս իրանցիների միջեւ, տրամաբանական է ենթադրել՝ ադրբեջանցի զինվորը եւ սպան ավելի են ոգեւորվել։
Այլ հանգամանքների չանդրադառնանք: Խոսակցությունները, որ իրանցի թուրքերն իրենց կառավարությանը սպառնացել են ապստամբել, եթե դեպի Հայաստան սպառազինությունների ճանապարհ բացվի, փաստ չեն: Բայց պատերազմի օրերին թշնամական քարոզչությունը ահռելի քանակի տեսանյութեր էր տարածում, թե ինչպես են իրանցի թուրքերը փակում անգամ իրանական զինված ուժերի երթուղիները՝ կասկածելով, թե նրանք կարող են օգնության գնալ հայերին:
Քարոզչությունը՝ քարոզչություն, բայց Իրանը կաշկանդված է թրքախոս բնակչության խնդրով, որը նրա դեմ հաջողությամբ օգտագործում են Արեւմուտքը, Իսրայելը եւ Ադրբեջանը: Ըստ էության, իսլամական հեղափոխությունն իրականացվել է, որպեսզի հոգեւոր-գաղափարական այդ հենքի վրա պետության ամբողջականությունը պահպանվի: Բայց կյանքը հրամայաբար պահանջում է իրենը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով հյուսիսային նահանգների հպատակեցումը, կարծես, ժամանակի հետ կորցնում է արդյունավետությունը: Թրքախոսները՝ մի, քրդերն ու արաբները մյուս կողմից ավելի ու ավելի հաճախ են զգացնել տալիս իրենց ազգային ինքնությունը: Եվ ահա սա է ժամանակակից Իրանը՝ բազմազգ եւ բազմամշակութային մի երկիր, որ կանգնած է իսլամական համերաշխության արմատի վրա: Հարցն այն է, թե որքան կենսունակ է այն:
Հայրենական իրանագիտությունը, որքան թույլ են տալիս դիտարկումները, չի անդրադառնում այս եւ այլ խնդիրների: Փոխարենն ահռելի վերլուծաբանական նյութեր են հրապարակվում Արեւմուտքում: Եվ պարզունակ սխեման, որ անցած տասնամյակներին կառուցվել է մեզանում՝ ունենալով մեկ պնդում, թե Ռուսաստանը եւ Իրանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ Հայաստանի համար դա նպաստավոր է, մեր աչքի առաջ փլուզվում է:
Պաշտոնաթողությունից ամիսներ առաջ Իրանի արտգործնախարար Զարիֆն անկեղծացավ, որ Ռուսաստանը դեմ է Իրան-Արեւմուտք լարվածության թուլացմանը: Եթե կոպիտ ասվի, ապա կստացվի, որ Ռուսաստանը Իրանին մղում է աշխարհաքաղաքական այնպիսի պայմանավորվածությունների, որտեղ գերիշխող կլինեն ռուս-թուրք-չինական համագործակցությունը եւ դրանից բխող նոր սխեմաները՝ լինեն դրանք տնտեսական, կոմունիկացիոն, թե այլ բնույթի:
Եվ, իհարկե, հաշվեկշռից չպետք է դուրս թողնել, որ Իրանի հոգեւոր առաջնորդը, ինչպես շաբաթներ առաջ լեզվի «թռիչքով» բացահայտեց Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, քառասունչորսօրյա պատերազմի նախօրեին Ալի Խամենեիից օրհնության գիր էր ստացել:
Սրանից չի հետեւում, թե Իրանից պետք է վիրավորվածի կեցվածք ընդունել կամ չգիտեմ ինչ: Իրանը Հայաստանի հարավային հարեւանն է, ունի իր շահերն ու հետաքրքրությունները: Դրանք երբեմն կարող են ներգրվել Հայաստանի ձգտումներին, երբեմն՝ ոչ: Քաղաքականությունն, ասում են, հնարավորի արվեստ է: Ուղղակի պետք է հաշվարկել, բյուրեղացնել այդ հնարավորը եւ դրա վրա կառուցել հարաբերությունները՝ ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Իրանի հետ:
Դիվանագիտությունը շատ հաճախ ոչ թե մեկ դաշնակից ավելի, այլ մեկ թշնամի պակաս ունենալու խնդիր է ունենում: Հայաստանի համար, կարծես, օրվա հրամայականը դա է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։