1920 թվականի օգոստոսի 10-ը հայոց պատմության հեգնանքի օրն է:
Նույն կառավարության ներկայացուցիչները երկու տարբեր քաղաքներում, երկու տարբեր՝ հակադիր ուժերի հետ ստորագրել են երկու բացարձակապես տարբեր փաստաթղթեր, որոնցից մեկով Հայաստանի դաշնակից եվրոպական պետությունները խոստացել են մեզ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով երկիր, իսկ մյուսով մենք Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարել ենք ռուսական զորքերի կողմից գրավված եւ ստորագրել համաձայնագրի տակ:
Թիֆլիսում օգոստոսի 10-ին Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը եւ Հայաստանի ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանն ու Արտաշես Բաբալյանը ստորագրեցին համաձայնագիր, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ:
Ռազմական գործողություններն ընթանում էին մի քանի շրջաններում, այդ թվում՝ այսօրվա Սյունիքում եւ Տավուշում, մասնավորապես Ոսկեպարի հատվածում:
Վարչապետ եւ արտգործնախարար Համո Օհանջանյանի կառավարության պատվիրակներ Ջամալյանն ու Բաբալյանը օգոստոսի 10-ին Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով ռուսական կողմից «գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը»։
Ճիշտ է՝ «խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ-ի եւ Հայաստանի միջեւ ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»:
Այստեղ պետք է նշենք մի քանի կարեւոր հանգամանք:
Նախիջեւանը Հայաստանի վերահսկողությունից դուրս էր եկել դեռ 1919 թվականի ամռանը: Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտել էր Նախիջեւան եւ Կարս, հայկական այս երկու նահանգները միացրել Հայաստանին: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը այցելել էր ե՛ւ Նախիջեւան, ե՛ւ Կարս, այստեղ նշանակել նահանգապետներ Գեւորգ Վարշամյանին եւ Ստեփան Ղորղանյանին:
Հայաստանը, սակայն, Նախիջեւանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջեւանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել դեպի Շարուր ու փրկվել: 1919-ի դեկտեմբերին Նախիջեւանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ: Այսպիսով՝ Գողթանն ու բուն Նախիջեւանը անցան թուրք-թաթարական տիրապետության տակ, իսկ Շարուրը Հայաստանի մաս մնաց մինչեւ 1920-ի աշուն, եւ այն մենք կորցրինք Կարսի հետ միասին:
1919-ի վերջերին բրիտանացիներին այլեւս չէր հետաքրքրում Անդրկովկասը, նրանք սկսեցին հեռանալ: Սուրբ տեղը դատարկ չի մնում. այն լրացրեցին բոլշեւիկները եւ քեմալականները:
1920 թվականի ապրիլին Ադրբեջանը դարձավ բոլշեւիկյան: Ու քանի որ Հայաստանը համարվում էր արեւմտյան պետությունների՝ Ամերիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի դաշնակիցը, ռուս բոլշեւիկները իրենց խաղաքարտերը դրեցին ադրբեջանցիների վրա: Մայիսից Հայաստանը բանակցությունների մեջ էր մտել Ռուսաստանի հետ, որը բացահայտ կերպով աջակցում էր Ադրբեջանին:
Արցախը եւս մեր վերահսկողությունից դուրս էր մնացել 1920 թվականի գարնանը: Մայիսի 24-ին Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի եւ գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշեւիկներին՝ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։ Նժդեհը եւ Դրոն նահանջեցին Հայաստանի Հանրապետության տարածք, որը, ի տարբերություն Ադրբեջանի, դեռ չէր բոլշեւիկացվել:
Այսպիսով, երբ ՀՅԴ ներկայացուցիչներ Ջամալյանն ու Բաբալյանը Լեգրանի հետ ստորագրում էին հայ-ռուսական համաձայնագիրը Թիֆլիսում, Նախիջեւանն ու Արցախը արդեն չէին վերահսկվում Հայաստանի կողմից, իսկ Զանգեզուրի մի մասը բոլշեւիկյան ուժերի գրավման տակ էր:
1920-ի օգոստոսի 10-ին Փարիզի մերձակա Սեւր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլև ստորագրումից ընդամենը չորս ամիս անց դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ եւ թուրք-բոլշեւիկյան հարվածների տակ Հայաստանի Հանրապետությունը ՀՅԴ Բյուրոյի նոյեմբերի 30-ի որոշմամբ իշխանությունը խաղաղ պայմաններով փոխանցեց Բաքվում ձեւավորված եւ Երեւան հասած Հայհեղկոմին: Խորհրդային Հայաստանը 1922-ի դեկտեմբերի 30-ին մաս կազմեց Խորհրդային Միության` կորցնելով անկախությունը:
Այսօր էլ՝ անգամ 44-օրյա աղետալի պատերազմից ու պարտությունից հետո, շատ հայեր հավատում են, որ Սեւրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը հնարավոր է իրականություն դարձնել: Միջազգային հարաբերություններում փաստաթղթերը եւ իրավական հիմնավորումները կարեւոր են, սակայն որեւէ պայմանագիր չի կարող կյանքի կոչվել, եթե պետությունը չունի դա կյանքի կոչելու բավարար ուժ:
Ի դեպ, ՀՅԴ հիմնադիր հայրերից շատերը, այդ թվում վարչապետներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանն ու Սիմոն Վրացյանը, հետագայում խոստովանել են, որ Սեւրը կուրացրեց իրենց, եւ փոխանակ փորձեին լեզու գտնել ռուսների ու թուրքերի հետ, իրենք միամտաբար հավատացին պատրանքներին, ճիշտ չգնահատեցին ուժերը եւ թերագնահատեցին հակառակորդների հնարավորությունները:
1920-ին մենք ձգտեցինք մեծ Հայաստանի եւ կորցրինք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Օգոստոսի 10-ից մինչեւ նոյեմբերի 6-ը, երբ քեմալականները զավթեցին Հայաստանի այդ օրվա խոշորագույն բնակավայրը՝ Ալեքսանդրապոլը, մենք կորցրինք շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Նույնը կամ գրեթե նույնն արեցինք մեր օրերում, երբ կարող էինք արժանապատիվ եւ մեր ուժերին համապատասխան լուծում գտնել Արցախի հարցում, սակայն կուրացանք ոչմիթիզականությամբ եւ ունեցանք 44-օրյա աղետը՝ ավելի քան 4000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, շուրջ 8000 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, Արցախի անվտանգության պատվիրակում Ռուսաստանին, Հայաստանի մաշվող անկախություն եւ ինքնիշխանություն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։