Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ Հովհաննես Միքայելյանի անասնագոմը գրեթե դատարկվել է։ Ութ խոշոր եղջերավորներից հինգն արդեն ջրի գնով վաճառել է, մեկն էլ մի քանի օրից է վաճառելու։
«Պահեմ՝ սոված սատկացնե՞մ,- նեղվում է Հովհաննեսն ու հաջորդաբար թվարկում խնդիրները:- Անասնագլխաքանակը պակասեցնելով՝ խնդիրը չի լուծվում, եթե գոմում մնա երկու կով, Աշոցքի սառնամանիքին միգուցե ձմռանը սատկեն, դրանից էլ զրկվենք»։
Հովհաննեսը հաշվարկ է անում, խոսում փաստերով․ «Մսուրային սեզոնին մեկ կովն ուտում է խոտի կես հակ՝ 1000 դրամի, տարվա կտրվածքով այդ նույն կովը տալիս է լավագույն դեպքում մեկ տոննա կաթ՝ միջին հաշվարկով 150 հազար դրամի, դրանից էլ հանենք հորթի կաթը, ոչինչ չի մնա»։
Վերջնահաշվարկում ստացվում է, որ կովը հորթով, կաթով իր կերի ծախսը չի փակում։ «Հարակից գյուղերում էլ նույն վիճակն է։ Երեկ հարեւանս 80 հազար դրամով կով վաճառեց։ Փող էլ ունենաս, խոտ չես ճարի, դաշտերը չորացած են»,- ասում է Հովհաննեսը։
Մարզում խոտհունձն ավարտվում է, բայց հնձելու բան չկար։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունից տեղեկացնում են, որ շուրջ 100 հազար տոննա խոտ է կուտակվել։ Սա պահանջվածից քիչ է 60 հազար տոննայով։ Հույս ունեն պակասը լրացնելու էժան կարտոֆիլով, ճակնդեղով, կաղամբով։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Նալբանդյանն ասում է, որ հարեւան մարզերից, հիմնականում Լոռիից, խոտ են ներկրում, բայց բավարար քանակություն ապահովել հնարավոր չէ, գարնանացանի ծղոտ գրեթե չկա, աշնանացանինն էլ խիստ պակաս է։
Ախուրյան համայնքի Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը անասնակերի այսպիսի բարձր սակագին չի հիշում։ Խոտի մեկ հակը 2000, գարնանացանի ծղոտը 1300, իսկ աշնանացանը 1000 դրամ արժի, այն դեպքում, երբ տարի է եղել, անգամ հարկ չեն համարել ծղոտը դաշտից տուն բերելու, այրել են։
Ասում է՝ աննախադեպ երաշտ էր, ո՛չ մշակովի դաշտից, ո՛չ էլ սարից հունձ չկատարեցին, ստիպված անասնագլխաքանակն են պակասեցնում։ «Այս ամենին էլ գումարվում է հացահատիկ չքաղելու պատճառով սերմ չունենալը, ստացածն էլ որպես սերմացու չի օգտագործվի, քանի որ խիստ նվազ ու ոչ ծլողունակ է»,- ասում է Համայակյանը։
Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք համայնքում էլ կոմբայնավարները պարապուրդի մատնվեցին, իսկ մսավաճառները չեն հասցնում մորթել խոշոր եղջերավոր անասուններին։
Համայնքի ղեկավար Արա Սուքիասյանն անասնակեր քաղելու մասին խոսելն անգամ ավելորդ է համարում։ Բոլորն անասունները վաճառում են, բայց միս գնող էլ չկա։ Այս պայմաններում ոչ մի տրամաբանության չի ենթարկվում կաթի մթերման գինը, լավագույն դեպքում 140 դրամ՝ մեկ լիտրի դիմաց։
Համայնքապետները անասնակերի պակասի հարցը բարձրացրել են, սպասում են պատասխանի, հույս ունեն՝ կառավարությունը գումարի կամ խտացրած կերի տեսքով գյուղացիներին կաջակցի, որ գոնե անասնագլխաքանակի մի մասը պահպանվի։
Թե այս պահի դրությամբ որքան անասուն է մորթվել, գյուղվարչությունը դեռեւս տվյալներ չունի։ Ասում են՝ սպանդի գործընթացը մշտապես չի վերահսկվում ու հաշվարկվում, քանակը պարզ կլինի միայն հունվարին կատարվելիք վերլուծությամբ։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ խնդիրն ուսումնասիրելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է կազմվել։ Թե հանձնաժողովն ինչ կորոշի, եւ որոշումը երբ կհասնի գյուղացիական տնտեսություններին, դեռ հայտնի չէ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։