«Խցաններն ուղարկելու ենք վերամշակող գործարան, ստացված հասույթը կուղղվի սոցիալական ձեռնարկի, իսկ հավկիթի պլաստիկե տուփերը կգնան գյուղական համայնքներ՝ վերաօգտագործման»,- «Էկոաղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Արգիշտի Դարբինյանն ու կամավոր Անի Զաքոյանը ցույց են տալիս Կենտրոն համայնքի բնակիչների տեսակավորած թափոններն ու պատմում, որ նախորդ՝ «Կափարիչն աղբ չէ» ակցիայի ընթացքում հավաքվել էր 377 կգ կափարիչ, և հասույթը՝ 56000 դրամ, նվիրաբերվել զինվորի ընտանիքին:
Կազմակերպության «Կափարիչն աղբ չէ» նախաձեռնությունը մայրաքաղաքի տարբեր համայնքներում միաժամանակ ներգրավել է կամավորականների տարբեր խմբերի:
«Էկոաղբ» ՀԿ-ն ստեղծվեց 2018 թվականին, երբ մի խումբ ուսանողներ որոշեցին իրենց հավաքած պատճենաթղթերի մեծ քանակությունը վերամշակման գործարան հանձնել: Հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն տարածեցին, տարբեր համալսարաններից ուսանողներ, նաեւ բնակիչներ միացան։ Այդպես մի բեռնատար թուղթ հավաքվեց, պլաստիկե իրեր հավաքելու պահանջ առաջացավ: Եվ կազմակերպությունը որդեգրեց «Թուղթը աղբ չէ, պլաստիկը աղբ չէ, ապակին աղբ չէ» կարգախոսը։
Երեք տարվա ընթացքում հստակեցրին անելիքները՝ 60-ից ավելի կամավորականների ջանքերով թափոնները հավաքում, տեսակավորում, տեղափոխում էին վերամշակման կենտրոններ: 2018-2020թթ. ընթացքում վերամշակման գործարաններ է ուղարկվել 135 տոննա թուղթ եւ ստվարաթուղթ, 15000 պլաստիկ և ապակի: Կազմակերպությունը համագործակցում է Երեւանի՝ աղբ վերամշակող մանր ու մեծ գործարանների հետ:
«Էկոաղբ»-ը մի շարք ծրագրեր է իրականացնում. ֆեյսբուքյան «Էկոհամայնք» հարթակում մարդիկ բնապահպանական հարցեր են քննարկում: «Վերաօգտագործի՛ր» հարթակը սովորեցնում է երկրորդ կյանք հաղորդել անպիտան իրերին, գործում է նաեւ Greenshop՝ «Կանաչ խանութ» հարթակը, որտեղ վերամշակված ապրանքներ են վաճառվում՝ հասույթի մի մասն ուղղելով կազմակերպության ֆինանսավորմանը:
2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը «Էկոաղբ»-ի հետ Դավթաշեն համայնքում իրականացրեց «Էկո թաղամաս» նախագիծը, որի նպատակը բնակիչներին աղբի տեսակավորման մշակույթին ծանոթացնելն էր: Ծրագիրը մեկ տարի է տեւել, բնակիչներին բաժանել են գունավոր տոպրակներ՝ թափոնները տեսակավորելու համար:
«Քաղաքապետարանը միշտ ունեցել է թափոնների համար նախատեսված տարաների տեղադրման գաղափար, բայց տարբեր պատճառներով չի իրականացրել։ Քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ 2020-ի դեկտեմբերից մայրաքաղաքի բոլոր համայնքներում տեղադրվեցին թափոնամաններ։ Մեր կազմակերպությունն աջակցել է խորհրդատվական, նաեւ հանրային իրազեկման առումով»,- ասում է ծրագրերի համակարգողը:
Թափոնամանների հայտնվելուց հետո «Էկոաղբ»-ը փոխեց իր ուղղվածությունը:
Առավելապես սոցիալ-կրթական ծրագրեր են իրականացնում. Վանաձորի դպրոցներից մեկում վեց ամիս մակուլատուրա են հավաքել, փոխադրումն իրականացրել է «Էկոաղբ»-ը, հավաքված գումարով դպրոցի համար նստարաններ ու ձայնարկիչ են ձեռք բերել:
«Տաթեւ գյուղում «Էկոգյուղ» ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ։ Բնակիչները հավաքում, կազմակերպությանն էին հանձնում թափոնները, իսկ դրա դիմաց կազմակերպությունը վերամշակված ապրանքների տեսքով նվերներ էր բաժանում: Եթե բնակիչն, օրինակ, հանձնել է 10 կգ պլաստիկ, դա վերածում էինք գումարի, համարժեք ապրանք նվիրում: Համագործակցում ենք պլաստիկ վերամշակող «ԱրմՊլաստ» գործարանի հետ, որը կախիչներ, դույլեր, ծաղկամաններ, կենցաղային ապրանքներ է արտադրում»,- պատմում է Արգիշտին, ով նաեւ Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման եւ աղբի տեսակավորման վարչության աշխատակից է:
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում «Էկո Քաղսի» ծրագրի շրջանակում դպրոցում տեղադրվել են ուղեցույց-պաստառներ, նաեւ թղթի եւ պլաստիկի համար նախատեսված թափոնամաններ, իսկ թափոնների գումարով համայնքահեն ծրագրեր կիրականացվեն: Նույն ծրագիրն այս պահին իրականացնում են Լերմոնտովոյում: Արգիշտին ասում է՝ աղբահանության համակարգի բացակայությունը խնդիր է գյուղական համայնքներում. քանի դեռ խնդիրն առկա է, տեսակավորման մասին խոսելը դեռ վաղ է, բայց հանրային իրազեկումը գործի կեսն է:
«Աղբի տեսակավորման մշակույթը կենցաղում կիրառելու համար երկար ժամանակ է հարկավոր,- ասում է Արգիշտին ու թվարկում դրական կողմերը,- վերամշակման պարագայում գործում է շրջանաձեւ տնտեսության մոդելը, այսինքն՝ վերամշակման ենթակա թափոնն ինքնին ռեսուրս է, դրանից հնարավոր է հավելյալ գումար ստանալ մեկ այլ ապրանքի տեսքով շուկա վերադարձնելու պարագայում: Եթե թափոններն ուղարկենք վերամշակման, առողջապահական շատ խնդիրներից հեռու կմնանք, օդի աղտոտվածությունը կնվազի»:
«Էկոաղբը» նաեւ մաքրման աշխատանքներ է իրականացնում. անցյալ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքից կամավորականները մեկ բեռնատար աղբ են հավաքել, տեսակավորել ու վերամշակման հանձնել, պատմում է կազմակերպության կամավորներից Անի Զաքոյանը: Անին հիշեցնում է աշխարհի բնապահպանների սթափեցնող կոչը. «Մենք ուտում ենք ձուկ, որը կերել է թույնով հագեցած պլաստիկ: Ստացվում է՝ մարդն ուտում է իր իսկ թափոնը: Մեր հասցրած վնասն ի վերջո մեզ է վերադառնում»:
Անին «Էկոաղբի» թիմին է միացել մեկ տարի առաջ, Հայ-ռուսական համալսարանի ճապոնագիտության բաժնի ուսանողուհի է: Ուսումնասիրելով այդ երկրում աղբի տեսակավորման, վերամշակման գործընթացը՝ եկել է եզրահանգման, որ Ճապոնիան այս առումով դեռեւս անգերազանցելի է:
Պետական մոտեցումից բացի՝ «Էկոաղբ»-ի կամավորները ոչ պակաս կարեւորում են մեր հասարակության գիտակցությունը, իսկ այն, որ ՀՀ-ում աղբի տեսակավորումը փոքր քայլերով, բայց առաջ է գնում, արդեն իրողություն է: Քաղաքացիներից պահանջվում է միայն տանտիրոջ իրավունքով մասնակցել գործընթացին՝ տնից աղբն արդեն տեսակավորած դուրս բերելով, հատկապես, երբ քաղաքի 135 վայրերում արդեն առկա են թափոնների տեսակավորման տարաներ:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։