«Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Նրանք երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ…»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը…»»: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը, «Փոքրիկ իշխան»-ից մեջբերելով այս հատվածը, ասաց. «Մենք, փորձելով բավարարել մեծահասակների՝ թվեր սիրելու ցանկությունը, տարիների ընթացքում հավաքված տվյալների հիման վրա Հայաստանը ներկայացրել ենք թվերի պրիզմայով»:
Շուրջ երեք օր ՀԲԸՄ գրասենյակի դահլիճում գործում էր «ՏՎՅԱԼՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ․ Հայաստան 21» խորագիրը կրող «ԱՅԼ» ցուցահանդեսը: Ներկայացված էին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի շուրջ 15 տարիների ընթացքում կատարած ինը հետազոտություն եւ հանրային կարծիքի դինամիկան:
ՀՌԿԿ-Հայաստանը 2003 թվականից իրականացնում է հանրային կարծիքի ուսումնասիրություններ եւ հավաքում տվյալներ, որոնք կարեւոր ռեսուրս են հետազոտական համայնքի, մեդիայի, հանրային եւ հասարակական ոլորտների համար:
Ինը պրոյեկտորները ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն էին տալիս հետեւելու հետազոտությունների արդյունքներին: Բարդ տվյալները բավականին պարզեցվել էին, այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու հեշտությամբ հասկանալի լինեն, եւ պատկերացում տան, թե թվային ինչ տվյալներ է ունեցել Հայաստանը վերջին տարիների ընթացքում։
«Մենք աշխատել ենք տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ներկայումս մեծ կարեւորություն ենք տալիս հանրության հետ աշխատանքին: Առաջնային նպատակներից է հնարավորինս ընդլայնել տվյալների հանրայնացման քաղաքականությունը»,- ասաց ՀՌԿԿ-ի տնօրենը:
«ԱՅԼ» ցուցահանդեսը ամբողջացնում է տվյալներ հետեւյալ թեմաների շուրջ՝ ներքին քաղաքական համապատկեր, վստահություն հանրային ինստիտուտների նկատմամբ, արցախյան հակամարտություն, հանրություն, Քովիդ-19-ի համավարակ, տեղական ժողովրդավարություն, մեդիայի ընկալում, կոռուպցիայի ընկալումներ, հասարակության արժեքային համակարգ եւ միգրացիա: Ավելի մանրամասն հետազատություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Տվյալները բավականին մատչելի են ներկայացված: Շատ կարեւոր են նման միջոցառումները, այս ամենը նպաստում է հանրային վստահության աճին եւ տվյալների թափանցիկության մակարդակի բարձացմանը»,- ասաց ցուցահանդեսի մասնակիցներից Լուսինե Մամիկոնյանը: Հետազոտությունների արդյունքներից զատ՝ Լուսինեին հետաքրքրում են նաեւ տվյալների հավաքման մեթոդաբանական գործընթացները, որոնք նույնպես ՀՌԿԿ-ն ներկայացրել էր:
Ցուցահանդեսի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան ՀՌԿԿ-Հայաստանի պատվավոր տնօրեն Հեղինե Մանասյանը, «Հետք» մեդիա գործարանի ղեկավար Անի Հովհաննիսյանը, «Սոցիոսկոպի» հետազոտող Նվարդ Մարգարյանը եւ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կրթության եւ զարգացման թիմի ղեկավար Անժելա Մովսիսյանը: Բանախոսներն անդրադարձան տարաբնույթ թեմաների։ Հեղինե Մանասյանն, օրինակ, ներկայացրեց հանրային կարծիքի ուսումնասիրությանը վերաբերող ընդհանուր ակնարկ, իսկ Անի Հովհաննիսյանը խոսեց տվյալագիտության եւ մեդիայում դրա կիրառության կարեւորության մասին։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը խոստանում է ապագայում եւս պարբերաբար կազմակերպել նման ցուցահանդեսներ։