Ըստ Fars գործակալության՝ Իրանը էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պատճառով դադարեցնում է արտահանումն Իրաք եւ կրճատում էլեկտրաէներգիայի արտահանումն Աֆղանստան:
Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին հայտնել է որ դրա պատճառը երկրի անբավարար կարիքներն են:
Ըստ գործող պայմանագրի՝ Իրանը այս օրերին Աֆղանստանին մատակարարել է 13 մեգավատտ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատտ:
Իրանական ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ անցյալ տարի երկիրն արտահանել է շուրջ 2000 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի ներքին կարիքների պատճառով արտահանումը կրճատվել է մինչեւ150 մեգավատտ:
Իրանում էլեկտրամատակարարման իրավիճակն այս ամռանը սրվել է եւ ամբողջ երկրում հանգեցրել լույսի պարբերական անջատումների, ինչի դեմ բողոքի ցույցեր են սկսվել երկրի քաղաքներում: Իրանի իշխանությունները ձգտում են կրճատելու էլեկտրաէներգիայի սպառման մակարդակը՝ մատակարարման սահմանափակումներ մտցնելով նորմերը չպահպանող պետական հիմնարկությունների համար:
Թեհրանում 210 պետական հիմնարկ-ձեռնարկություն զրկվել է էլեկտրամատակարարումից՝ հուլիսի 27-ին սահմանված կանոնների խախտման պատճառով:
Էլեկտրամատակարարման բնագավառում ընդհատումներն Իրանի համար շարքային երեւույթ են ամռան սեզոնին: Հանգուցային պատճառներից մեկը շոգ եղանակին օդորակիչների համատարած օգտագործումն է: Այս տարի երաշտի պատճառով իրավիճակը սաստկացել է հիդրոէլեկտրակայանների օգտագործման հնարավորությունների նվազման հետեւանքով: