Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բուլղարիայի խորհրդարանական վերջին ընտրություններում մեծամասնություն կազմած «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությանը չի հաջողվել ստանալ Ազգային ժողով անցած մյուս ուժերի աջակցությունը նոր կառավարություն ձեւավորելու հարցում։ Միանձնյա կաբինետ ձեւավորելու համար անհրաժեշտ թվով ձայներ չունենալով՝ քաղաքական թիմն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է ջանքերն այդ ուղղությամբ։ Այսպիսով երկրում կրկին արտահերթ ընտրություններ կացկացվեն։
Բուլղարիայի 45-րդ Ազգային ժողովն ընտրվել էր ապրիլի 4-ին, սակայն քաղաքական ուժերին դարձյալ չէր հաջողվել կառավարության ձեւավորման հարցում համաձայնության գալ, ուստի խորհրդարանը ցրելու որոշում ընդունվեց, եւ հուլիսին նշանակվեցին նոր ընտրություններ:
Ապրիլին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջորդել էին երկրի 61-ամյա վարչապետ Բոյկո Բորիսովի ու նրա կառավարության դեմ շուրջ մեկ տարի շարունակվող բողոքի զանգվածային ցույցերին:
Բոյկո Բորիսովի եւ նրա գլխավորած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (GERB) իշխող կուսակցության վարկանիշն ընկել էր կոռուպցիոն սկանդալների պատճառով, որում ներգրավված էին պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ։ Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Բուլղարիան վերջին տեղում է Եվրամիության անդամ երկրների շարքում։