Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը հայտնել է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված հինգ տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման եւ Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Եվսեեւն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում եւ խաղաղապահներ տեղակայելով երբեւէ արագ դուրս չի բերել նրանց:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Եվսեեւը նշել է, որ ՌԴ-ն մտադիր չէ հեռանալ Արցախից, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: Ռազմական փորձագետը հիշեցրել է, որ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:
Ռազմական փորձագետը հնարավոր է համարել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինի: «Իրավիճակը կարող է որոշ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, եւ Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով»,- ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 4-ին Մարտակերտի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, թե տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն եւ միայնակ ի վիճակի չէ ապահովելու իր անվտանգությունը, ուստի ռուսական զորքի ներկայությունը Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության չորրորդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման մնալու տեւողությունը հինգ տարի է՝ հետագա հինգական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: