«Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաեւ հարբած վիճակում»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ կրակոցները հատուկ լուսարձակող են ու ահաբեկելու նպատակով արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար:
Թաթոյանը նշել է, որ գիշերային ժամերին ադրբեջանցի զինծառայողները հաճախ միացնում են բնակիչներին անհանգստացնող բարձր երաժշտություն, գոռգոռում, այլ կերպ ասած՝ կատարում են խուլիգանական արարքներ: Նա շեշտել է, որ նման ահազանգեր է ստանում նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ խոսքն այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021-ի մայիսի 12-13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները կրակոցները դադարեցնում են ՀՀ զինված ուժերի՝ բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո: