Ըստ The Washington Post պարբերականի՝ ԱՄՆ զինվորականները Աֆղանստանում իրադրության սրընթաց վատթարացում են տեսնում: «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները 1-3 ամսվա ընթացքում կարող են գրավել մայրաքաղաք Քաբուլը:
Պենտագոնում համարում են, որ իրավիճակը կսրվի Աֆղանստանի մայրաքաղաքից մոտ ժամանակներս ամերիկացի դիվանագետների եւ այլ անձնակազմի տարհանումից հետո:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, թե ԱՄՆ-ին անհանգստացնում են Աֆղանստանում իրադրության անցանկալի զարգացումը եւ այն, որ զինյալները սաստկացրել են հարձակման տեմպերը:
Ամերիկացի զինվորականների կարծիքով թալիբները միանգամայն ընդունակ են առաջիկա երեք ամսում գրավելու Քաբուլը: Մինչդեռ հունիսին ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել էին, թե թալիբներն ի վիճակի են Քաբուլը գրավելու վեց ամսվա ընթացքում:
«Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 11-ին գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Կունդուզ նահանգի օդանավակայանը: Այստեղ կառավարական բանակի հարյուրավոր ներկայացուցիչներ զենքերը վայր են դրել կամ միացել զինյալներին։
Աֆղանստանի խոշորագույն քաղաքների մեկ քառորդը վերջին մեկ շաբաթում թալիբների վերահսկողության տակ է անցել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021-ի ապրիլի 14-ին հայտարարել էր ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատեւ ռազմարշավի՝ 2001-ի հոկտեմբերին սկսված աֆղանստանյան գործողությունների դադարեցման մասին: Զորքերի դուրսբերումը մեկնարկել է մայիսին: Սպիտակ տանը հույս ունեն, որ այն կավարտվի օգոստոսի վերջին: