ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայում ընդունելով ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին, ասել է, որ Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ ռազմական ոլորտում փոխգործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում:
Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակելու աջակցել հայկական բանակի արդիականացմանն ու բարեփոխմանը: Շոյգուն նշել է, որ հայկական բանակի բարեփոխման խնդիրը բարդ է, բայց ՀՀ ՊՆ նոր ղեկավարությունը լուծումներ կգտնի։
Նա ընդգծել է, որ Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում։ «Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը լավ հագեցած է եւ անվտանգության երաշխավոր է:
ՀՊ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շեշտել է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը Մոսկվա է մեկնել արտասահմանյան այցով։
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: