ԱՄՆ 27 կոնգրեսական նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ: Նրանք ընդգծել են, որ թուրքական ԱԹՍ-ները սպառնալիք են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար։
Կոնգրեսականները ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնելու անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչեւ ավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննությունը:
Նամակում ընդգծվել է, որ Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ի դրույթները՝ Ռուսաստանից գնելով ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։ Կոնգրեսականները շեշտել են, որ Թուրքիայի նկատմամբ ռուսական համակարգերի պատճառով սահմանվեցին պատժամիջոցներ, եւ չնայած դրան՝ Անկարան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմում։