Հայաստանի պարտությամբ ավարտված 44-օրյա պատերազմի դադարից անմիջապես հետո Ադրբեջանի գլխավոր նպատակը, թվում էր, Արցախի հարցի վերջնական լուծմանն ուղղված քայլերը պետք է լինեին։ Քայլեր, որոնց արդյունքում Ղարաբաղը պետք է հայտարարվեր ու լիներ Ադրբեջանի մաս։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։
Տեղի չունեցավ, որովհետեւ Ռուսաստանն այս տարածաշրջանում էլ ավելի ամրապնդվելու եւ Ադրբեջանին իր ուղեծրում մնալ պարտադրելու ծրագիր ուներ եւ ունի։ Այս ծրագիրն իրականացնելու համար Արցախի չլուծված խնդիրն անհրաժեշտություն է։
Ադրբեջանը, խուսափելով Ռուսաստանին հակադրվելու վտանգավոր մտքից, Արցախի կիսատ մնացած հարցն այսօր իսկ լուծելու փոխարեն սկսեց հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության օջախներ ստեղծել, տեղ-տեղ սահմանը հատելով՝ տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Նպատակը՝ պարտության հասցրած ծանր հարվածից Հայաստանին սթափվել թույլ չտալով ու պաշտպանվելու հնարավորություններից իսպառ զրկելով նոր սահմանազատում ու սահմանագծում պարտադրելն է։ Նոյեմբերի 9-ին հաջորդած տասն ամիսների ընթացքում Հայաստանն այդպես էլ Ադրբեջանի այս սադրիչ գործողություններին հակազդող գործուն քայլեր գտնել չի կարողացել։
Սահմանազատում ու սահմանագծում բոլոր հարեւան երկրների միջեւ էլ տեղի են ունենում։ Նման բան, իհարկե, պետք է նաեւ Հայաստանն ու Ադրբեջանն իրականացնեն։ Բայց կարո՞ղ է արդյոք իր շահերը պաշտպանել չկարողացող Հայաստանը մտնել նման գործի մեջ։ Պարզ է, որ այսօր ձեռնարկված սահմանազատումը եւ սահմանագծումը լինելու է ի վնաս Հայաստանի։ Պարզ է, որ Ադրբեջանը չարակամորեն է տրամադրված եւ Հայաստանից կտորներ է փորձելու պոկել։ Հայաստանի իշխանությունները չեն կարող չտեսնել ու չհասկանալ այս վտանգը։ Անկասկած, հասկանում են։
Հասկանում, բայց գնում են այդ քայլին։
Ինչո՞ւ…
Որովհետեւ խոստացել են եւ պարտադրված են։
Սա, ըստ ամենայնի, 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման շարունակությունն է։ Պատահական չէ, որ հենց այս հանդիպումից հետո սահմանազատման ու սահմանագծման մասին խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվ շրջանառվել։ Ալիեւը, հասկանալով, որ այս պահին Արցախում շատ անելիք եւ մանեւրելու մեծ հնարավորություն չունի, վճռել է անցնել հաջորդ՝ Ռուսաստանի շահերին բոլորովին չհակասող՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին եւ Պուտինի ներկայությամբ ստացել է Փաշինյանի համաձայնությունը։
Այս հանդիպումից հետո Փաշինյանը քանիցս խոսել է սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին։ Որ նման անհրաժեշտություն կա, հարց չէ։ Հարց է՝ ե՞րբ, ի՞նչ հնարավորություններով, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ պայմաններով։ Նման գործը չպետք է թելադրանքով, սպառնալիքով ու պարտադրանքով իրականացվի։ Այն փոխհամաձայնությունների վրա հիմնված երկարատեւ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։
Իսկ Ալիեւը շտապում է։ Շտապում է, որովհետեւ այսօր է, որ թելադրելու ու պարտադրելու մեծ հնարավորություն ունի։ Վստահ է՝ հայկական կողմից լուրջ դիմադրության չի հանդիպելու։ Հնարավոր անհարթությունները Ռուսաստանի օգնությամբ կհարթի։
Հայաստանի սահմաններն անարգել հատելով ու հայկական տարածքներում տեղավորվելով՝ ադրբեջանցիները մի կողմից իրենց համար ցանկալի սահմանազատումն են արդեն իրականացնում, իսկ մյուս կողմից ստիպում են, որ Հայաստանն օր առաջ ներգրավվի, եւ գործը երկկողմ աշխատանքների բնույթ ստանա։
Վստահ են՝ կարողանալու են Հայաստանին իրենց համար նախընտրելի նոր սահմաններ պարտադրել, որոնց արդյունքում հայտնվելու են ավելի շահեկան դիրքերում, վերահսկելու են Հայաստանի կարեւորագույն մայրուղիներն ու հանգույցները եւ ընդարձակվելու են Հայաստանի հաշվին։
Կկարողանա՞ հայկական կողմը դիմադրել եւ հետաձգել մեզ համար այս պահին անցանկալի սահմանազատումը եւ սահմանագծումը՝ քիչ հավանական է։ Փաշինյանն արդեն տվել է իր համաձայնությունը։ Իսկ գործընթացը սկսելու դեպքում Հայաստանի իշխանությունները կունենա՞ն նախապես մտածված հակաքայլեր։ Կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, թույլ չտալ քարտեզների կամայական ընթերցում ու մեկնաբանում՝ ցույց կտա ամենամոտ ապագան։
Հուսանք՝ կկարողանան։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։