Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետեւանքով մահացած ու վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչների թիվը:
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ նախորդ տարվա նոյեմբերի 10-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 11-ը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետեւանքով մահացել է 23, վիրավորվել` 36 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական ԶԼՄ-ի տվյալներով` ականի պայթյունից մահացել ու վիրավորվել է ավելի քան 120 մարդ՝ խաղաղ բնակիչներ ու զինվորականներ։
Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից մահացել է մեկ ադրբեջանցի, եւս երկուսը վիրավորվել են։ Հունվարի 1-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում մի ականի վրա պայթած ադրբեջանցու զույգ ոտքերն անդամահատել են։
Հունվարի 21-ին Վարանդայի շրջանում զինծառայող է պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է 41-ամյա Ալիյար Օջագվերդիեւը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունից մահացել է մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Հունվարի 29-ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքը հեռացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Վարանդայում, նրանցից մեկը տեղում մահացել էր։
Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ), մարտի 3-ին՝ Ակնայում (Աղդամ), մարտի 15-ին` նույնպես Ակնայում։
Ադրբեջանական ԶԼՄ-ն նշում է, որ քաղաքացիները հաճախ փորձում են առանց իշխանությունների թույլտվության ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։