Ըստ Գերմանիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Սթիվ Ալտերի՝ ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով կարգադրել է ժամանակավորապես կասեցնել աֆղան փախստականների հարկադիր արտաքսումը: Ավելի վաղ նման որոշում էր ընդունել նաեւ Նիդերլանդների կառավարությունը:
Օգոստոսի 11-ին Ալտերը ճեպազրույցում հայտարարել է, թե Գերմանիայի իշխանությունների կողմից ապաստանի մերժում ստացած աֆղան փախստականների արտաքսումն առաջվա պես ուժի մեջ է, բայց որոշումները կընդունվեն անհատական հիմքով: Հաշվի կառնվի նաեւ Աֆղանստանում ստեղծված իրադրությունը:
Ապաստանի իրավունք չունեցող աֆղան փախստականների հարկադիր արտաքսման հարցը ԵՄ-ում եւ Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման հարձակումների պայմաններում՝ միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը սկսելուց ի վեր:
ԵՄ վեց երկրներ Եվրահանձնաժողովին հորդորել են չկասեցնել Աֆղանստանի՝ ԵՄ-ի տարածքում գտնվելու իրավունք չստացած քաղաքացիների արտաքսումը՝ անկախ նրանից, թե ինչ գործողություններ է ձեռնարկում «Թալիբան» արմատական շարժումը:
Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Սամի Մահդին հայտնել է, որ Եվրահանձնաժողովում դիմումն իրենից բացի ստորագրել են նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Դանիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ եթե Աֆղանստանի առանձին շրջաններ անվտանգ չեն, դա չի նշանակում, որ այդ պետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է ապաստան հայցել ԵՄ երկրներում: