Վերջերս ֆեյսբուքյան շատ հարգելի մի ընկեր իր էջում գրել էր. «Նիկոլ, պատասխա-նիր հստակ ու պարզ, ե՞րբ ես փակելու 5-րդ թշնամական հեռուստականալը»։ Ես, բնական է, 5-րդ ալիքի համակիր չեմ եւ առհասարակ կարծում եմ, որ լրատվամիջոցը չպետք է պատկանի որեւէ կուսակցության, օլիգարխի կամ քրեական երանգավորում ունեցող քաղաքական խաղորդի (figure), բայց ԶԼՄ փակելու անսեթեւեթ ուղերձն ինձ հիշեցրեց մի դեպք, որին ներկա եմ եղել անձամբ։
1998-ի աշնանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հանդիպում էր գրողների եւ գրական այլ գործիչների հետ։ Բ.Գ. դոկտոր մի գրականագետ ձայն խնդրեց եւ, նստած տեղից մի քանի քայլ առաջ գալով՝ դիմեց Քոչարյանին. «Պարոն նախագահ, ես պահանջելով խնդրում եմ, փակեք այդ անպատկառ լրատվամիջոցները»։
Խնդրանք-պահանջը նորընտիր նախագահի համար անակնկալ էր. նա դեռ նոր էր հարմարվում Հայաստանում, որը շատ բաներով, այդ թվում նաեւ՝ մամուլի ու խոսքի ազատությամբ, տարբերվում էր հոգեհարազատ մելիքական տարածքից։ Նախագահը քամահրող ժպիտով հարցրեց. «Ո՞ր լրատվամիջոցները նկատի ունեք»։ Դոկտորը մի քանի ԶԼՄ-ի անուն տվեց. բոլորը չեմ հիշում, տպավորվել է «Առավոտ» օրաթերթը։
Ոչ ոք, այդ թվում՝ ես (թեեւ այդտեղ էի այլ առիթով, ոչ նախագահի հրավերով), փորձ չարեցինք փակել ԶԼՄ-ների ահեղ սանձահարիչի բերանը, չհակաճառեցինք, դոկտորին ու նախագահին «խրատ» չտվեցինք՝ մտածելով որ մամուլի եւ խոսքի ազատությունն արդեն կայացած իրողություն է. ի՞նչ պիտի լինի, մա՜րդ է, խոսում է։
Դեպքից 3.5 տարի անց, ոչ առանց Քոչարյանի գիտության՝ ՀՌԱՀ-ը (Հեռուստա- ռադիոյի ազգային հանձնաժողով) «Ա1+»-ին զրկեց կապուղուց՝ այն տրամադրելով «ավետաբեր» Կենտրոն ՀԸ-ին, որը հետո պետք է դառնար օլիգարխիայի խոսափող։
Մեզ համար դա անակնկալ էր, ինչպես Քոչարյանի համար էր անակնկալ դոկտոր-գրականագետի պահանջ խնդրանքը։ Ավելի ուշ, 2-րդ նախագահի վարքին հետեւելով՝ պիտի զարմանայինք, թե ինչո՞ւ այնուամենայնիվ չվերականգնեց գրաքննության ինստիտուտը։ Մի փորձ, իհարկե, արվեց Մարտի 1-ից հետո, բայց գրաքննություն կոչվածը պատմական եզր ընկալող եւ proxy-ների տեղն իմացող մարդիկ այդպես էլ չզգացին գրաքննության դառնահամը։
Ի՞նչ է գրաքննությունը կամ ցենզուրան։ Եթե հավատանք Wikipedia-ին, դա ինքնահատուկ գործառույթն է այն պետությունների, որոնք կիրառում են արգելքի եւ սահմանափակումների համակարգ, ինչպես նաեւ պրոպագանդայի (քարոզչության) մեխանիզմներ։ Քաղաքացիական հասարակություններում դրան հակադրվում է խոսքի ազատության հասարակական եւ իրավական ապահովումը։
Մի քիչ երկար ու խրթին ստացվեց, փորձեմ ավելի պարզ բացատրել՝ սովետական իրականության իմ տեսած օրինակներով։ Ենթադրենք լրագրողն ուզում էր ինչ-որ թեմայով նյութ պատրաստել, խմբագիրը խորհուրդ չէր տալիս՝ բարեկամաբար բացատրելով, որ դա ի՛ր (խմբագրի) գլխին փորձանք կդառնար։ Սա գրաքննության light (թեթեւ) տեսակն էր՝ երկկողմ համաձայնությամբ։
… միանգամայն նորմալ է, բա, պետություն է, գաղտնիքներ էլ կունենա, ու պետք չի ջրամբարների տեղադիրքը կամ ինչ-որ զորամասի դարպասներն աշխարհով մեկ անել՝ ի հեճուկս տիեզերքից մեզ հսկող եւ ամենատես արբանյակների։
Կամ՝ լրագրողը նյութը պատրաստում, տալիս էր խմբագրին, վերջինս այն մկրատում, ձեւափոխում էր՝ դուրս թողնելով սուր եւ անցանկալի բոլոր տեղեկությունները, մտքերն ու բացահայտումները։ Սա խմբագրական ավանդական պրակտիկան էր։
Երրորդը՝ խմբագիրն էլ, լրագրողն էլ հստակ գիտեին իրենց սահմանները, հաշտ ու համերաշխ աշխատում էին՝ պարտաճանաչ կերպով մնալով գաղափարաբանության պարագծում։ Սա ամենից հաճախ պատահողն էր, բայց Սովետը սովետ չէր լինի, եթե հույսը դներ միայն «հայրենական արտադրության» խմբագիրների ու լրագրողների զգոնության վրա։
Պետության աչքն անթարթ պահելու համար խորհրդային կառավարությունը 1922-ին ստեղծել էր Գլավլիտը՝ ցարական ժանդարմերիայից ժառանգված մի հիմնարկ, որը հսկում էր գիրն ու խոսքը երկրագնդի 1/6-րդ մասը զբաղեցնող պետությունում։
1992-ին՝ արդեն անկախ Հայաստանում, երբ գրանցեցի «Ար» շաբաթաթերթը, արտոնագրի հետ բարալիկ մի գրքույկ տվեցին։ Եկա խմբագրություն, մանրամասն ուսումնասիրեցի. պետական գաղտնիքի հրապարակումը կանխող հրահանգների ժողովածու էր՝ թե գիտես, ընկեր խմբագիր, իրավունք չունես հրապարակելու ռազմական եւ ռազմավարական օբյեկտների կոորդինատներ, երկրի սահմաններին, ռեսուրսներին, զինված ուժերին վերաբերվող տվյալներ եւ այլն։
Մեջս ոչ մի ընդվզում կամ բողոք չառաջացավ, մտածեցի՝ միանգամայն նորմալ է, բա, պետություն է, գաղտնիքներ էլ կունենա, ու պետք չի ջրամբարների տեղադիրքը կամ ինչ-որ զորամասի դարպասներն աշխարհով մեկ անել՝ ի հեճուկս տիեզերքից մեզ հսկող եւ ամենատես արբանյակների։
Բայց հարցն այդ չէր։ Ես հասկացա, որ ձեռքումս է հայտնվել Սովետի գրաքննիչ հիմնարկի՝ Գլավլիտի, ավետարանը։ Չափազանց կանոնիկ, ամենեւին ոչ վախենալու այդ գրքույկը հրահանգիչ թելադրողը չէր այն մկրատի, որը փակ դռների հետեւում վերաձեւակերպում ու կցմցում էր մեր մտքերը։ Սովետական Գլավլիտը բարդ, կարելի է ասել՝ բազմաշերտ մի հիմնարկ էր, որի մասին ավելի մանրամասն՝ հաջորդ հոդվածում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։