Կապանն այս տարվա Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն է: Կարգավիճակը տվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ):
Երիտասարդական մայրաքաղաքների գաղափարը ներկա կառավարությունը ժառանգել է նախորդ իշխանություններից: Դեռեւս 2014-ից է Հայաստանն ունենում երիտասարդական մայրաքաղաքներ, Կապանից առաջ Վանաձորն էր, 2018-ին՝ Իջեւանը, երիտասարդական մայրաքաղաքներ են եղել Գյումրին, Ստեփանավանը, Չարենցավանը, Սիսիանը:
Կապանն այդ տիտղոսին արժանացել է 2020-ին, բայց կորոնավիրուսի սահմանափակումների եւ պատերազմի պատճառով միջոցառումներն այս տարի են տեղի ունենում: Մայիսին է մեկնարկը տրվել (մի փոքր ուշացած), միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարեվերջ:
Պատերազմի ավարտից հետո Կապանը դարձել է սահմանամերձ: Կապանի «Առիթմիա» էստրադային խմբի երգչուհի Մարգարիտա Մանուկյանն ասում է, որ դա եւս մեկ պատճառ է՝ կապանցուն տոն պարգեւելու համար: «Պատերազմից հետո ես երկար ժամանակ չէի կարողանում վերագտնել կենսախնդությունս եւ ապշում էի մարդկանց չափազանց ժիր ու տոնական տրամադրության վրա: Մի պահ եկավ, երբ զգացի, թե այդ նույն մարդիկ՝ իմ հայրենակիցները, ուղղակի հասկացել են, որ պետք է օգտագործեն այսօր եւ այս պահին լինելու, ապրելու ու արարելու իրենց հնարավորությունը, նրանք հիմա առավել ակտիվ ու լիարժեք են ապրում իրենց այսօրը։ Չափազանց դառը իրականությունից հետո թեեւ շատերիս մոտ դատարկությունը դեռ չի լցվել, բայց մեծ մասամբ մարդիկ ապահովությունից զատ նաեւ տոն են ուզում, կարոտ են տոնի»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Մարգարիտա Մանուկյանը:
«Առիթմիա» խմբի երգացանկը պատերազմից հետո փոխվել է, այնպես, ինչպես Կապանում ամեն ինչ: Երգչուհին խմբի հետ այսօր նոր երգ է ներկայացնելու Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, որտեղ տեղի է ունենում երիտասարդական մայրաքաղաքի գլխավոր միջոցառումներից մեկը՝ երիտասարդության փառատոնը (ընտրել են ՄԱԿ-ի հռչակած Երիտասարդության միջազգային օրը): Համերգից բացի՝ այսօր նաեւ հեծանվավազք, գրքի շնորհանդես, բացօթյա դիսկոտեկ, պարերի ուսուցում, մրցույթներ, մրցանակաբաշխություն եւ այլ միջոցառումներ են նախատեսված:
Մրցույթ եւ մոտ 10 միլիոն դրամ
Երիտասարդական մայրաքաղաքներում միջոցառումներ կազմակերպելու համար կառավարությունն ամեն տարի 12 միլիոն ՀՀ դրամ է հատկացնում: ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ այս տարեսկզբին, սակայն, կրճատվել է բյուջեն, եւ 10 միլիոն դրամից մի փոքր պակաս գումար է հատկացվել այս ծրագրի համար:
Մեր երկրի երիտասարդական մայրաքաղաքն ընտրվում է մրցույթով, նախարարությունը հենց այնպես չի շնորհում կարգավիճակը: Հայտատու համայնքների հետ նաեւ համահայտատու կազմակերպություններ պետք է դիմեն՝ տեղական հասարակական կազմակերպություններ, հավակնորդ քաղաքը պետք է ունենա համապատասխան հնարավորություններ՝ մեկ տարի երիտասարդական մայրաքաղաքի թագը կրելու համար:
Նախարարությունը ձեւավորում է կազմկոմիտե, կազմվում է փորձագիտական հանձնաժողով, հանձնաժողովն այցելում է համայնքներ, ներկայացված տվյալների հիման վրա ուսումնասիրում համայնքի հնարավորությունները, եւ ամենաբարձր միավորներ ստացած քաղաքը ճանաչվում է երիտասարդական մայրաքաղաք:
Երբ Կապանը ճանաչվեց երիտասարդական մայրաքաղաք, պատերազմը դեռ չէր սկսվել: Գոհար Մամիկոնյանն ասում է, որ միջոցառումները սկսել են՝ այդ հանգամանքը հաշվի առնելով, բայցեւ նշում է, որ երիտասարդական մայրաքաղաքի գաղափարի իրագործումը միայն տոնական միջոցառումներ չեն ենթադրում:
«Երիտասարդների խնդիրների քննարկումը, հասարակության ուշադրությունն այդ խնդիրներին ուղղելը, տեղական ժողովրդավարության տարածումը, համայնքային համաչափ զարգացումը նույնպես մաս են կազմում միջոցառումների: Այո՛, պատերազմը եղավ, Կապանն էլ սահմանամերձ է, բայց երիտասարդները բարձր տրամադրությամբ են մասնակցում միջոցառումներին՝ մտածելով, որ կյանքը պետք է շարունակվի, եւ նրանց այդ ցանկության համար, կարծում եմ, մենք միջոցներ չպետք է խնայենք: Միջոցառումները մեկնարկել են՝ զոհվածների հիշատակը հարգելով, նրանց շիրիմներին այցելելով, բայց մենք չպետք է անտեսենք նաեւ ապրող մարդկանց եւ հասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպես ենք դասավորում մեր կյանքը»,- մեզ հետ զրույցում նշում է նախարարության երիտասարդության քաղաքականության պատասխանատուն:
Կապանի համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Թերեզա Գալստյանը նույնպես նշում է, որ Կապան համայնքի բնակչությունը ոգեւորված է միջոցառումներով, համերգներից բացի՝ նաեւ սպորտային մրցումներ են անցկացվում, շուտով «Ուսանողական ամառ» փառատոնը կսկսվի, մարզի բոլոր շրջաններից հրավիրել են ուսանողների, վրանային ճամբարներ եւ այլ ուսանողական միջոցառումներ կլինեն:
Թերեզա Գալստյանը նույնպես համաձայն չէ, թե պատերազմից հետո քաղաքը պետք է պահի տխուր տրամադրությունը: Ծննդավայրի հանդեպ մարդկանց վերաբերմունքը պատերազմից հետո, ասում է, շատ է փոխվել:
«Արտագաղթ էլ կա, բայց հակառակն էլ կա: Կան մարդիկ՝ նախկինում այստեղից հեռացածներ, որ գալիս են, վերադառնում են, ուզում են Կապանի, Սյունիքի համար մի լավ բան անել: Կան նաեւ մարդիկ, որ մինչեւ պատերազմը մտադրվել էին արտագաղթել, բայց պատերազմից հետո մտքափոխվել են, կարծում են, որ հենց հիմա է, որ պետք է մնան, չգնան»:
Երգչուհի Մարգարիտա Մանուկյանը, որ Կապանի մշակույթի կենտրոնում է աշխատում, ասում է, թե շատ են Կապանում նվիրյալները, որ ամեն ինչ անում են քաղաքի համար, մարդկանց ծննդավայրին կառչած պահելու ուղղությամբ ջանք չեն խնայում: «Այստեղ, ճիշտ է, երիտասարդների համար հնարավորությունները քիչ են, բայց շատ պրպտուններն իհարկե ինքնուրույն ստեղծում են դրանք, իրենք են առանցք դառնում եւ իրենց շուրջը պտտեցնում աշխարհը։ Հեռացողներն էլ են շատ լավը, հմուտ են իրենց գործում, թերեւս Կապանն իրենց չի հերիքում, բայց մնացողներն էլ են «ոսկի», կարեւորը կորիզն է, որ օրնիբուն բզզում է իր մեղվափեթակի շուրջը՝ այն ավելի լավը դարձնելու»:
«Առիթմիա»-ն մյուս միջոցառումներին նույնպես մասնակցելու է, նաեւ դեկտեմբերին՝ երիտասարդական քաղաքի բանալին հաջորդին հանձնելու արարողությանը: Հայաստանի հաջորդ երիտասարդական մայրաքաղաքը դառնալու հայտ են ներկայացրել Ալավերդին, Եղեգնաձորը, Արմավիրը եւ Հրազդանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։